ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Թրամփի գալով ակնկալում են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների «ջերմացում». «Դիրքորոշումը կմեղմացնեն»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը՝ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ռուսաստանի ընկալման առումով կարող է մեղմվել, nsn.fm-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ակտիվացրել է աշխատանքը Հայաստանում դեպի արևմտամետ զարգացման ձևաչափի վերջնական վերակողմնորոշման գործընթացն արագացնելու ուղղությամբ։ Տվյալների համաձայն ամերիկացիները նախատեսում են լուծել այդ խնդիրը հենվելով արդեն Ուկրաինայում և Մոլդովայում կիրառվող մեթոդների վրա։ Աբովյանը կարծում է, որ Թրամփի գալուստով հնարավոր է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության մեղմացում։  «Հայաստանի իշխանությունները միամտորեն հավատում են, որ կարող են աշխարհաքաղաքականություն խաղալ արևմտյան դաշտում, իսկ տնտեսապես օգուտներ ստանալ Ռուսաստանից։ Դա տեղի է ունենում այս պահին, բայց դա ժամանակավոր գործընթաց է։ Եթե նայենք տնտեսական հարաբերություններին, ապա դրանք շատ լավն են։ Քաղաքական մասով հարաբերությունները գնում են դեպի վատթարացում։ Բայց, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ընտրությունները Վրաստանում, ընտրություններն ԱՄՆ-ում, Իրանում տեղի ունեցած դեպքերը, ապա Հայաստանի դիրքորոշումը եվրասիական վեկտորի, այսինքն Ռուսաստանի ընկալման առումով, կարող է մեղմվել։ Նեոլիբերալ ֆաշիզմը, ի դեմս Բայդենի վարչակազմի, ամեն ինչ արեց, որ Հայաստանն առճակատվի ռուսների և իրանցիների հետ: Ընդ որում դա բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով։ Նրանք հայտարարեցին, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական նպատակներն են Հայաստանի անջատումը Ռուսաստանից և Ռուսաստանի ու Իրանի դուրս մղումը տարածաշրջանից։ Այժմ հնարավոր է, որ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունը մեղմանա, ինչը, հնարավոր է,  կհանգեցնի քաղաքական առումով ռուս-հայկական հարաբերությունների մասնակի ջերմացմանը»,- ասել է Աբովյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի քաղաքացիները հակված չեն երկրի անդամակցմանը Եվրամիությանը, դա բացառապես Հայաստանի իշխանությունների մտադրություններն են: «Եվրաինտեգրման այս ամբողջ կեղծ ապուրը և նման բաներն այլ բան չեն կարող առաջացնել, քան խելամիտ մարդկանց քմահաճ ծիծաղը: Այդ ամենը, իհարկե, կոչված է Հայաստանը Ռուսաստանից պոկելուն: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչությունը նույնիսկ խորհրդային տարիներին ուներ ազատ մուտք դեպի արտերկիր՝ Եվրոպա։ Իսկ մեզ համար Եվրոպան և ԱՄՆ-ն այն երկրները չեն, որոնք մենք առաջին անգամ բացահայտեցինք Խորհրդային Միության փլուզումից հետո։ Խորհրդային տարիներին, հաշվի առնելով մեր մեծ սփյուռքը, մեզ թույլ էին տալիս ճանապարհորդել։ Այսինքն մարդիկ հիանալի հասկանում են, թե ինչ է կատարվում Եվրոպայում։ Սա ավելի շուտ քաղաքական քայլ է Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ են ինտեգրվել ցանկացածի, նույնիսկ Թուրքիայի հետ։ Պետք է սպասել մի քանի ամիս և տեսնել, թե ինչպիսին կլինի Հայաստանի իշխանությունների արձագանքը Թրամփի քաղաքականությանը, Իրանի գործին»,- հավելել է զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular