«Ալիևն ու Փաշինյանը սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի հետ հաշտության պայմանագրի նախապատրաստման գործընթացում Ադրբեջանը երկրորդ անսովոր քայլն է արել, գրում է svpressa.ru-ն: Առաջինը մատնանշվել էր Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի ԱՄՆ կատարած այցից հետո, երբ նա հայտարարեց, որ Բաքուն համաձայնել է խաղաղության պայմանագրի նախագծից հանել Զանգեզուրի միջանցքի հարցը։
Իրավիճակի արտասովորությունն այն էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ խաղաղության համաձայնագրում, որով ավարտվեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը, խոսվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, բայց չհիշատակելով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանի հետ կապող «Զանգեզուրի միջանցքը»: Հետո Ադրբեջանին հաջողվեց այդ հարցը մտցնել խաղաղության համաձայնագրի նախագծ, ինչը մեծ քննադատության պատճառ դարձավ Իրանի կողմից։ Ընդ որում ԱՄՆ-ը, որը նախկինում դեմ էր այդ նախագծին, «անսպասելիորեն» որոշեց աջակցել դրան։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարեց, որ «Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա՝ շրջանցելով Ռուսաստանը, հաղորդակցություն ստեղծել», և որ այդ այսպես կոչված «Միջին միջանցքը» կարող է այլընտրանք դառնալ ռուսական «Հյուսիս-Հարավ» միջանցքին, և որով Թուրքիան կվերածվի Արևմուտքի առանցքային օպերատորի այդ Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի խաչմերուկում։
Ուստի թվում էր, թե այդ հիմքի վրա կսկսվի Ադրբեջանի և Հայաստանի սերտ մերձեցումը։ Բայց Բաքուն որոշելով զարգացնել կապը Նախիջևանի հետ Իրանի տարածքով, որով Երևանին հանում է տարածաշրջանային հաղորդակցական «խաղից»։ Ըստ երևույթին, դա պատահական չէր: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը երբեք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները չի ընկալել լոկալ տարբերակով, նրանք հայտարարել են, որ փաստացի հանդես գալով Բաքվի և Երևանի միջև որպես մոդերատոր պատրաստ են նրանց «Ռուսաստանի և Իրանի որոշումներին այլընտրանք տրամադրել»։
Հիմա Ադրբեջանի երկրորդ արտասովոր քայլի մասին: Նա որոշել է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի երեք չհամաձայնեցված կետերը։ Նախկին դեսպան, Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևն ասել է, որ այդ կետերից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հանմանը։ Մեկ այլ կետ նախատեսում է կողմերին հրաժարվել միջազգային դատարաններում միմյանց դեմ դատական հայցեր ներկայացնելուց։ Եվ վերջապես, երրորդ կետը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմի ուժերի, այդ թվում դիտորդների տեղակայման արգելքին։
Թվում է, թե այդ վերջին կետն է մեծապես արգելափակում բանակցային գործընթացը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ երկրների արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որի մանդատը նախատեսված է երկու տարի ժամկետով։ Առաքելությունը ներառում է մի քանի հարյուր մարդ, այդ թվում փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նշվել է, որ «առաքելության նպատակն է նպաստել վստահության ձևավորմանը, կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ-ի կողմից աջակցվող ջանքերին»:
Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է տարածաշրջանում ԵՄ ռազմական ներկայության կոնֆլիկտային բնույթը նշելով, որ Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի Հարավային Կովկասի ապակայունացումից այլ բան պետք չէ սպասել։ Ադրբեջանն ունի նույն դիրքորոշումը: Բայց այս անգամ նա որոշել է, որ եկել է հարմար պահը ռեալ քաղաքականության մեջ այդ խաղաքարտը խաղալ։ Լայն համատեքստում դա ազդանշան է Հայաստանին, որ Ադրբեջանը բացասաբար է ընկալում նրա արևմտյան վեկտորն արտաքին քաղաքականության մեջ, և որ դա կարող է ազդել ոչ միայն հարաբերությունների կարգավորման, այլ նաև Բաքվի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջև երկխոսության բնույթի վրա։
Հայաստանում հույս ունեն, ինչպես հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը, որ ԵՄ դիտորդները կմնան հանրապետությունում մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և, հնարավոր է, դրանից հետո որոշ ժամանակ։ Բաքուն դեմ է դրան և պահանջում է պայմանագրի նախագծից հանել ԵՄ առաքելության կետը հրաժարվելով ստորագրել պայմանագրի 16 համաձայնեցված հոդվածները։
Ուշադրության է արժանի այն պահը, որն Ադրբեջանը ընտրել է այդ դիվանագիտական հարձակման համար: Նախ, այն համընկնել է Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանի բացման հետ: Երկրորդ հերթին թվում է, թե Բաքուն, որին հաջողվել է օգտագործելով Թուրքիայի և Ռուսաստանի հատվող շահերի հավասարակշռման ռազմավարությանը, դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը, Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձը կապում է ընդհանուր իրավիճակի փոփոխության հետ ոչ ի օգուտ Երևանի: Ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, հայ-ամերիկյան շփումները «զրոյացվել» են Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով, որոնք հույսը դրել էին միայն դեմոկրատների վրա և բոլոր ձվերը հավաքել նեոլիբերալների զամբյուղի մեջ։ Ի դեպ, նա կանխատեսում է «ԱՄՆ-ի հեռանալը տարածաշրջանից և այնտեղ ռուսական ազդեցության ուժեղացումը»։
Հիմա Ադրբեջանն իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը, կառուցում է կոնսոլիդացված քաղաքական դիրքորոշում և սպասում, թե Վաշինգտոնն ինչպե՞ս կարձագանքի այն իրավիճակին, երբ «ամեն ինչ դեռ որոշված չէ»։ Այդ իսկ պատճառով զգացվում է, որ Անդրկովկասում իրավիճակը վերածվում է նոր որակի՝ նախկին ստատուս քվոյի պոտենցիալ փոփոխություններով։ Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կորոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ավարտով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը