«Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:
Նարեկը Արարատի մարզի Աբովյան գյուղից է, երեկ երեկոյան 19-ամյա զինծառայողի հոգեհանգիստն էր, իսկ այսօր նրան հանձնեցին հողին
«Աշխույժ, ընտիր երեխա էր, օգնող, փոքրուց աշխատել է, ընտանիքի հոգսը փորձել թեթևացնել, անգամ դպրոցը չի ավարտել: Համեստ ընտանիքի համեստ երեխա էր»,- ափսոսանքով նշում են համագյուղացիները:
Ապա նեղսրտում՝ աղքատը ոչ մեկին պետք չէ, «հրես՝ ո՞ւր են, ոչ ոք չեկավ, բացի համագյուղացիներից ու զինծառայողների ծնողներից ո՞վ եկավ էրեխուն ճամփի: Ոչ ոք»:
Մինչդեռ, հիշեցնում են նա, սա ողբերգություն է՝ 19-ամյա մատղաշ, կյանքի համը դեռ չզգացած երիտասարդին հողին հանձնելը, հետն էլ դեպքը տեղի է ունեցել հենց Ռազմական ոստիկանության տարածքում։ «Այսինքն՝ անտե՞ր են երեխեքը, տեր կանգնող չկա՞, ոնց էլի...»,- չեն հասկանում մարդիկ:
MediaHub-ին նեղսրտած ահազանգած քաղաքացին նշեց՝ ոչ մի պետական պաշտոնյա չկար այսօր հուղարկավորությանը: Ասում են՝ գյուղապետը երեկվանից բոլորին հրահանգում-համոզում է, որ հանկարծ իշխանության, պաշտպանության նախարարի կամ այս շարքից մնացած անձանց հասցեին մարդիկ ոչինչ չասեն, չմեղադրեն, պնդում է՝ «մեղավորները կպատժվեն»... ինչին ոչ ոք չի հավատում:
Նա նեղսրտեց, որ չկային նաև ընդդիմության ներկայացուցիչները. «Անընդհատ ասում են՝ ամեն զինվորի կյանք թանկ է, այս իշխանությունը բանակը կազմաքանդ է անում, որ զինծառայողները չեն գնահատվում, որ պարեկը այս իշխանության համար ավելի կարևոր է, քան սահման պահողը.... Ինչո՞ւ նրանցից մեկը չեկավ, չցավակցեց, ինչպես անում էին 2020 թվականի պատերազմի օրերին: Մենակ խոսլավ չի էլի»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձևավորվել է քննչական խումբ: