Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը, պաշտոնից ազատելով բարձրաստիճան վեց պաշտոնյաների, որոշել է կանգ չառնել և շարունակել գործընթացը՝ ազատվելով այլ, իրենց ոլորտներում ձախողված պաշտոնյաներից։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն ուրբաթ օրը մի քանի այլ պաշտոնյաներ էլ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Մասնավորապես, ազատման ենթակա են սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Եթե Ավանեսյանի դեպքում Փաշինյանը դժգոհ է բժշկական ապահովագրության համակարգի ձախողումից և միլիարդավոր դրամների փոշիացումից, ապա Նարեկ Մկրտչյանի պարագան ավելի լուրջ է։ ՊՆ նախարարի քավորը ոչ միայն ձախողել է իր ղեկավարած նախարարությունը, այլև հասցրել է հիմնավորապես վարկաբեկվել քրեական պատմություններով։ Օրեր առաջ նա հուսահատ փորձում էր հերքել, որ Փարաքարում իր ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում մեքենայություններ են կատարվել։ Նախօրեին էլ Փարաքարում կրակոցներ էին հնչել, եղբայրը սպանել էր եղբորը, իսկ Փարաքարի արդեն նախկին համայնքապետը հրազենային վանսվածք էր ստացել։ Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ վիճաբանության մասնակիցներից է եղել, և հիվանդանոցում հայտնվելուց զատ նաև ստիպված է եղել պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել։ Նարեկ Մկրտչյանին արդեն ասել են, որ պատրաստվի դիմում գրելուն։ Նույնիսկ նախարար սանիկն է հրաժարվել օգնել նրան, քանի որ Սուրեն Պապիկյանն ինքն էլ խնդիրներ ունի Փաշինյանի հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը երեկ նիստ է գումարել, ըստ Փաշինյանի, ոչ թե կենտրոնական գրասենյակում, այլ կուսակցության Էրեբունիի գրասենյակում։ Քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր։
Նիստին նաև վարչության անդամ, պաշտոնազրկված Գնել Սանոսյանն է մասնակցել։ Ու թեպետ դեմքի տխուր արտահայտությամբ, ոչինչ չի խոսել, բայց նրա մասնակցությունը ՔՊ-ում հիմք է տվել եզրակացնելու, թե Գնել Սանոսյանին անգործ չեն թողնի։
Լիլիթ Քոչարյան