ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում պաշտոնական Երևանի հռետորաբանության մեջ կտրուկ ջերմացում է նկատվում Անկարայի և Բաքվի նկատմամբ, անհավանական ջանքեր են գործադրվում անհապաղ խաղաղության համաձայնագիր կնքելու և բոլոր հաղորդակցությունները ապաշրջափակելու համար, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ լուրջ բեկում չկա, գրում է politnavigator.net-ը: Եվ դա չնայած նրան, որ Արևմուտքը շարունակում է պնդել արագացնել գործընթացը հուսալով, որ Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը շուտափույթ կվերանա։

Նիկոլ Փաշինյանի պատեհապաշտության վառ օրինակն է այն, երբ նա կատարելով անգլո-սաքսոնների պատվերը, փորձում էր համոզել Իլհամ Ալիևին արագացնել խաղաղության պայմանագրի կնքման ընթացակարգը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ տեղի ունեցան մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ: Հիմա արդեն ակնհայտ է դարձել, որ ինչ-որ կոնսենսուս է ձեռք բերվել հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման շուրջ, որն է Սյունիքի մարզով տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը» բացելը, որպեսզի Բաքվին հնարավորություն ընձեռվի անմիջական ելք ունենալ դեպի Նախիջևան, իսկ հետագայում Անկարա։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նույնիսկ չի թաքցնում, որ այդ թեմային վերադառնալը պայմանավորված է Արևմուտքի Իրանի տարածքով շրջանցիկ երթուղի լինելու  դժկամությամբ։ Իսկ այս կերպ թուրքական սահմանի բացման և Հայաստանով փոխադարձ առևտրատրանսպորտային ուղիների զարգացման հարցերը անհավանական արագ են լուծվում։ Եվ այդ հանգամանքը հաստատել է անձամբ Հայաստանի վարչապետը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների արդյունքները։ «Հաջորդ կարևորը, որ տեղի ունեցավ Կազանում, այն է, որ մենք կարող ենք փոխընդունելի լուծում ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում։ Այդ առաջարկը մենք գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին»,- ընդգծել է Փաշինյանը։

Սակայն նման ցուցադրական «ջերմացման» գլխավոր խնդիրը Մոսկվային որպես տարածաշրջանի գլխավոր արբիտրի  խաղաղապահ գործընթացից բացառելու ցանկությունն է։ Ի վերջո, խաղաղության համաձայնագրի արագ կնքումը հանգեցնում է նրան, որ Բաքուն և Երևանը իբր բոլոր հարցերը լուծում են միայն միմյանց հետ առանց որևէ միջնորդի, նաև առանց 3+3 ձևաչափի և Ռուսաստանի։

Մասնավորապես, այդ եզրակացությանն է եկել «Հայաստանի հակաֆաշիստական ճակատ» ասոցիացիայի համակարգող Հայկ Այվազյանը, ով կարծում է, որ խաղաղության պայմանագրի հապճեպ ընդունումն առանց կողմերի միջև հիմնարար տարաձայնությունների և խնդիրների լուծման, ընդհակառակը,  ժամային ռումբ է և ներկա պայմաններում ձեռնտու է միայն Արևմուտքին։ «Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի շտապեցնում Հայաստանին և Ադրբեջանին արագ խաղաղության պայմանագիր կնքել։ Բացի այդ, օրերս Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպեց օտարերկրյա պետությունների դեսպանների հետ, որտեղ նրանք հանձնեցին իրենց հավատարմագրերը, և այնտեղ ՌԴ նախագահն իր ելույթում անդրադարձավ նաև Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագրին, սակայն դա կապեց եռակողմ պայմանավորվածությունների հետ։ Այսինքն նախ անհրաժեշտ է լուծել բոլոր կոնֆլիկտային հարցերը, հետո միայն լուծել խաղաղության պայմանագրի հարցը։ Իսկ Արևմուտքն այլ բան է ուզում, ուզում է արագ խաղաղության պայմանագիր կնքել առանց խնդրահարույց հարցերի լուծման։ Նրանք ցանկանում են դա անել, որպեսզի ամբողջությամբ հրաժարվեն Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ համաձայնագրերից։ Այսինքն եթե հիմա խաղաղության պայմանագիր է կնքվում, ապա էլ ի՞նչ եռակողմ  հայտարարության մասին կարող է խոսք լինել։ Միևնույն ժամանակ, Մոսկվան կորցնում է իր արբիտրի դերը։ Դրա համար էլ Արևմուտքն այդքան շտապեցնում է Հայաստանին ու Ադրբեջանին։ Ռուսաստանն իր հերթին փորձում է լուծել եռակողմ պայմանավորվածությունների հարցերը, նոր միայն կնքել հաշտության պայմանագիր»,- ասել է Հայկ Այվազյանը։


Իր հերթին, հայտնի հասարակական գործիչ և անասնաբուժության կազմակերպման միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ Բաքվին պետք է Երևանից ստանալ բոլոր այն հնարավոր զիջումները, որոնք նա կարող է կորզել այս իշխող վերնախավից։ Ուստի Ադրբեջանին պետք է ոչ թե հավասարազոր պայմանագիր, այլ լիակատար կապիտուլյացիա բոլոր հնարավոր դիրքերի զիջումով, և դա հարյուր տարվա վաղեմության պատմական իրադարձությունները կրկնելու ոգով, երբ այն ժամանակվա ազգայնական իշխանությունները, Աթաթուրքի հետ պատերազմում պարտությունից հետո, պարզապես հանձնեցին Հայաստանն ու նրա տարածքները։

«Թուրքիայի և Ադրբեջանի հետ Փաշինյանի ջերմ հարաբերություններում իրականում ոչ մի նոր բան չկա: Նա պարզապես փորձում է պահպանել իշխանությունը և այդ փորձերում ձեռնարկում է ցանկացած հակահայկական, հակապետական գործողություն։ Եվ նրա վերջին գործողությունը ևս այդ շոուների շարքից է: Բառացիորեն նրա հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան հայտարարություն արեց, որ խաղաղություն չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ընդունել Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանները։ Այսինքն խոսքը չորս կետի մասին է։ Սակայն դրանցից միայն երեքն է բարձրաձայնվել: Դրանք Սահմանադրության փոփոխություններ են, որոնք պարունակում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանի կողմից «իրավական և դիվանագիտական պատերազմի» բացառումը և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օտար ուժերի բացակայությունը։ Եվ չորրորդ կետի մասին, nրը չի հրապարակվել: Մեր տվյալներով, դա Հայաստանի ամբողջական զինաթափումն է։ Դա նույն պատմությունն է, ինչ 100 տարի առաջ, երբ Թուրքիայի հետ պատերազմից հետո դաշնակցական կառավարությունը խոստացավ ցրել բանակը, երկրում ունենալ ոչ ավելի, քան 1400 զինված ոստիկան, և ոչ ավելի, քան չորս հրանոթ: Այդ պայմանագրով Հայաստանից մնացել էր ինը հազար քառակուսի կիլոմետր։ Եվ փաստորեն, հիմա սա նախկին ծրագրի իրականացումն է։ Իսկ այն, ինչ հիմա անում է այս խունտան, որը յուրացրել է իշխանությունը, ըստ էության այն քաղաքականության շարունակությունն է, որն այն ժամանակ իրականացնում էր դաշնակցական իշխանությունը»,- նկատել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, «հաղորդակցությունների ապաշրջափակումը» իրականում նշանակում է ռազմավարական Սյունիքի մարզը Բաքվի և Անկարայի վերահսկողության տակ հանձնել, ինչը էապես վերացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և սպառնալիք է ստեղծում Իրանի համար։ Բայց Ադրբեջանը հիմա շահագրգռված չէ հենց նման համաձայնագրի ի հայտ գալով, քանի որ  հնարավորություն ունի ճնշում գործադրել Հայաստանի վրա ինչքան ուզում է, և քայլ առ քայլ ստանալ իրեն անհրաժեշտ ամեն ինչը։ Եվ Բաքվի կողմից  սառեցման առաջին նշաններն արդեն կան, դրանք արտահայտվում են ադրբեջանցի դիվանագետների կոպիտ գործողություններով։ Այնպիսի զգացողություն է, որ Ադրբեջանը շահագրգռված է խաթարել նույնիսկ հարաբերությունների կարգավորումը։ 

Բուն Հայաստանում զանգվածները չեն ընդունում խաղաղության նման անբարենպաստ համաձայնագիրը, որը հնարավոր արտահերթ ընտրությունների համատեքստում կարող է ճակատագրական գործոն դառնալ իշխող կուսակցության համար։ «Բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է նման համաձայնագրին։ Այսինքն իշխանությունը յուրացրած խունտայի այս դավաճանական պարտվողական դիրքորոշումը չի ողջունվում բնակչության մեծամասնության կողմից, իսկ սատարողները նրա հետ փոխկապակցված անձինք են։ Ամեն երկրում կան տականքներ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել իրենց աշխատավարձի համար, միայն թե գրպանում հաց ու կարագ ունենան։ Եվ ես չեմ կարծում, որ մոտ ապագայում որևէ խաղաղության համաձայնագիր հնարավոր կլինի, քանի դեռ Արցախը օկուպացված է և քանի դեռ մեր երկրի տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ավազակախմբերը»,- եզրափակել է Գրիգորյանը։

Եվ իսկապես, վերջին օրերին Բաքվի և Երևանի միջև նոր բանավոր վեճեր են սկսվել, ինչը վկայում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի սկզբնական պլանի ձախողման մասին։ Օրինակ, ադրբեջանական կողմը մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը ՄԱԿ-ի կլիմայական միջազգային համաժողովը COP24-ը միտումնավոր անտեսելու և սաբոտաժի մեջ։

Փաշինյանն իր հերթին պարտքի տակ չի մնացել և հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը չի համաձայնվի փոփոխել երկրի Սահմանադրությունը։ Նրա խոսքով, Ադրբեջանի Սահմանադրությունն է Հայաստանից տարածքային պահանջներ պարունակում։ Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Երևանը խաղաղություն կնքելու համար չի պահանջում Բաքվից փոխել իր հիմնական օրենքը։

Հասկանալի է, որ նման արձագանքը կապված է հայ հասարակության բացասական տրամադրությունների հետ, և Փաշինյանի համար անհրաժեշտ է այդ հարվածը մեղմել ցուցադրական «հայրենասիրությամբ» նաև ակնկալելով հնարավոր արտաքին աջակցություն ապագա ընտրություններում։ Ուստի ձևավորվող դադարը կողմերը կօգտագործեն վերախմբավորվելու և նոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշելու համար, ինչը կհետաձգի ռուսական ռազմակայանի լուծարման և Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելու գործընթացը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular