Մեր ուժերով ենք վերականգնվել. Լոռիում ջրհեղեղից 6 ամիս անց տնտեսվարողներին գումար չի հատկացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած աղետից 6 ամիս է անցել, սակայն կառավարությունը ինչպես տուժած շատ բնակիչների փոխհատուցում չի տրամադրել, այնպես էլ տնտեսվարողներին:
Oragir.News-ի տեղեկություններով՝ փոխհատուցում չստացած տնտեսվարողներից մեկն էլ «Աթոռիկ» ռեստորանային համալիրն է, որի գույքն ամբողջությամբ ավերվել էր:
Ընկերության աշխատակիցները մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ մինչ այս պահը որևէ աջակցություն չեն ստացել.
«Դեռ ոչ մեկին օգնություն չեն տվել, այնպես չէ, որ միայն մեզ: Եթե մեկին օգնություն տված լինեին, բոլորս կիմանայինք:
Մեր տնօրենությունը ռեստորանը մասամբ վերականգնել է, հիմա ոչ լիարժեք, բայց աշխատում ենք: Ամբողջը մենք մեր ուժերով ենք արել՝ ներկել և այլն: Աղետից հետո եկան, վնասի գնահատում արեցին, բայց դեռ ոչ մի բան չեն տվել: Գիտենք նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը մոտ 2-3 շաբաթ առաջ կապ է հաստատել մեր ղեկավարության հետ և խոստացել է օգնել»,- ասացին աշխատակիցները:
Աղետի հետևանքով ֆինանսական մեծ վնասներ կրած ընկերություններից մեկի տնօրենն էլ ասաց, որ եթե գործող իշխանությունը ժամանակին փոխհատուցում տրամադրեր, գուցե կարողանային կարճ ժամանակ անց վերականգնվել, բայց հիմա հույս չունեն.
«Սկզբում մեծ-մեծ խոսեցին, ասեցին՝ չմտածեք, ձեր կողքին ենք, բայց 6 ամիս անցավ: Ի տարբերություն շատ տնտեսվարողների, ես ի վիճակի չէի վերանորոգել, այսպես մնացել է...
Հիմա էլ նոր-նոր քնից զարթնել են, ասում են՝ կապ չունի 1000 դոլարանոց ապրանք է վնասվել, թե 100.000 դոլարանոց, փոխհատուցումը տրամադրելու են կախված է մեր շրջանառության հարկից: Էդ դեպքում ինչո՞ւ էին եկել գույքագրում անում ու փիարվում մեր ցավի վրա»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում կատարելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Ըստ այդմ՝ Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրին հատկացվեց 300 մլն դրամ: