ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 անձի մահվան պատճառ դարձած բժիշկը շարունակում է վիրահատել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 5-ին Երեւանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք տեղի ունեցավ: Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվեց բուժառուի սրտի կանգ, նրան «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխեցին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ պացիենտը մահացավ: 
Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, եւ նա վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ 

Երկու դեպքում էլ բուժառուներին վիրահատող բժիշկը եղել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանը: Դեպքից երկու ամիս անց մենք պատահաբար նկատեցինք, որ Բաղրամյան պողոտայի մասնաճյուղի գովազդային վահանակը հանված է, եւ դրա փոխարեն այլ գրություն է փակցված: Ենթադրեցինք, որ էսթետիկ կենտրոնը փակվել է: Ուստի «Հրապարակը» կապ հաստատեց «Արթկոսմեդ»  էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հետ` հասկանալու համար` փակվե՞լ է արդյոք մասնաճյուղը, գուցե մահվան դեպքե՞րն են ազդեցություն ունեցել: 

Կենտրոնի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնաճյուղն առաջվա նման գործում է, ավելին` երկու կնոջ կյանք խլած Արթուր Սարգսյանը նույնպես շարունակում է վիրահատություններ կատարել. «Պարզապես պատի վրա գրված է՝ Բիոռեյ, դրա ներսում է մասնաճյուղը, այն չի փակվել, գործում է, ուղղակի այլ լոգո է ամրացված: Վիրահատության կոնսուլտացիա կատարելու համար պետք է մոտենալ Մալաթիայի մասնաճյուղ»,- ասաց աշխատակիցը:

Հիշեցնենք, որ երկու մահվան դեպքով էլ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, սակայն դեռ եզրակացություն չկա:

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular