ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա նպատակս Կարենիս ապրեցնելն է». Կարեն Ապրեսյանն անմահացել է հոկտեմբերի 26-ի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ լուսավոր եմ հիշում Կարենի մանկությունը: Խելոք ու խելացի երեխա էր: Ամուսնուս քույրը երեք տղա ունի, մենք՝ երկուսը, Կարենը հինգ եղբայրներից ամենափոքրն էր, պետք է, որ ամենաչարաճճին լիներ, բայց այդպես չէր, չնայած ինքն էլ աշխույժ երեխա էր», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Դիաննան՝ Կարենի մայրիկը:
 
Դպրոցական տարիները վերհիշելիս նշում է՝ ծնողական ժողովների ժամանակ ուսուցիչներից առաջ ծնողներին էին սկսում գովել որդուն՝ Կարենն ամենախելացին է: «Շատ լավ է սովորել Կարենս, իր տետրերը պահել եմ, ձեռագիրը, կարծես, ուլունքների շար լինի: Երեխաներիս կրթությամբ, զարգացմամբ շատ եմ զբաղվել, անընդհատ տրամաբանական խնդիրներ ու վարժություններ էի տալիս լուծելու, որ իրենց ինտելեկտը զարգանա: Մաթեմատիկայից փայլում էր, մտքով միլիոնների հաշվարկ կարող էր անել: Ֆիզիկայից էր ուժեղ, 12 տարեկանից «Թումո» է հաճախել, ռոբոտաշինություն և ծրագրավորում ուսումնասիրել, խաղեր էր նախագծում: Բանակ գնալուց առաջ ասաց՝ դիմում գրեմ ու դուրս գամ «Թումոյից»:
 
Իրեն համոզեցի, որ դա չանի, վստահ էի՝ վերադառնալուց հետո անպայման իր տեղը կգտնի նաև այնտեղ: Դպրոցական՝ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի օլիմպիադաների է մասնակցել: Քիմիան էր շատ սիրում: «Կենգուրուին» է մասնակցել, այդ մրցույթն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում, քանի որ հիմքում տրամաբանությունն էր: Ես էի իրեն ոգևորում մրցույթների մասնակցել, Կարենն էլ ինձ միշտ ասում էր՝ սա քո համար եմ անում, մա՛մ, գիտեր, որ իր մասնակցությունից և նաև մրցույթներում ունեցած բարձր արդյունքներից շատ եմ ուրախանում»: Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրային ճարտարագիտության բաժին, բայց ուսանող լինել չի հասցնում: 2019 թ.ի հուլիսի 16ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մարտակերտի շրջան:
 
«Իր չորս եղբայրները ծառայել են Արցախում: Մեծ տղայիս 20ամյակին այնտեղ էինք: Տղաները կենաց էին խմում՝ չորսս ծառայել ենք, Կարենը չպիտի ծառայի: Նա էլ նայեց եղբայրներին ու արձագանքեց՝ ո՞ր մեկիցդ եմ պակաս: Եղբայրներն էլ ասացին՝ ուրեմն Ղարաբաղում չպիտի ծառայես: Այդ օրը Կարենը կատակով ասաց՝ բոլորիցդ լավ ես պիտի ծառայեմ: Մեր տղաներից ոչ մեկ առաջնագծում չի ծառայել, իսկ Կարենիս զորամասը պաշտպանական էր, դիրք էր պահում»: Կարենի մարտական ուղին փաստում է. «2019 թ.ի երկրորդ ուսումնական կիսամյակի ավարտից հետո զորամասի հրամանատարի հրամանով նա նշանակվել է զորամասի 4րդ հրաձգային գումարտակի 120 մմ ականանետային մարտկոցի կառավարման դասակի հաշվարկողի պաշտոնին»: Մայրիկն ասում է՝ ծառայության օրերին անսահման կարոտում էր որդուն: «Մեծ տղայիս թողնում էի, որ անգամ արտերկիր մրցումների գնա, բայց Կարենս մի օր առանց ինձ չի մնացել: Չգիտեմ՝ մայրական զգացողությո՞ւն էր, թե՞ ինչ: Մի անգամ, երբ փոքր էր, և անգամ եղբայրն էլ դեռ չէր ծառայել, հարցրեց ինձ՝ մա՛մ, կարո՞ղ եմ բանակ չգնալ: Զարմացա: «Կտեսնես, որ գնամ, կռիվ է լինելու, հետ չեմ գալու»:
 
Այդ օրն անգամ բարկացա իր վրա ու փորձեցի մոռանալ այդ զրույցը: Սեպտեմբերի 27ին սկսվում է 44օրյա պատերազմը: «Համարյա ամբողջ ամառ դիրքերից չեն իջել: Միայն մեկերկու օր իջնում էին, լողանում, իրենց կարգի բերում և նորից բարձրանում դիրքեր: Կարենը շատ փակ էր, երբեք չի խոսել ծառայության պայմանների և այլնի մասին, միայն հետաքրքրվում էր, թե մենք ինչպես ենք: Համավարակի օրերն էին: Այդ ժամանակ իր մոտ այցելության գնալ չէր ստացվում, բայց կարողանում էի քաղցրավենիքի ծանրոցներ ուղարկել: Կարենս քաղցրակեր էր: Սեպտեմբերի 25ին որոշել էինք իր մոտ գնալ, խնդրել էի, որ թույլ տան գոնե մեկ ժամով տեսնել Կարենիս, կարոտս առնել: Բայց սեպտեմբերի 24ին զանգ ստացանք՝ առջևում ուսումնական օրեր են, տղաներին զորամասից դուրս թողնել չեն կարող, թող մնա հոկտեմբերի 1ին: Հետո հասկացանք՝ գիտեին, որ իրավիճակը խառն է: Սեպտեմբերի 25ին Կարենս զանգեց՝ երկու օրով իջնում ենք զորամաս, հետո գնալու ենք պալիգոններ՝ ուսումնական զորավարժությունների: Անգամ նման բան ասաց՝ հիմա իսկական ենք կրակելու:
 
Չհասկացա, մտքովս չանցավ, թե ինչ նկատի ունի: Սեպտեմբերի 26 ին չզանգեց, չանհանգստացա: 27ի առավոտյան գնում էի աշխատանքի, ընկերուհիս զանգահարեց՝ Դիան, երեխու հետ խոսե՞լ ես: Բացասական պատասխան տվեցի, իսկ նա՝ կռիվ է: Օրեր շարունակ չենք խոսել իր հետ, միայն սեպտեմբերի 30ին մեր ծանոթներից մեկը համացանցում Կարենիս նկարն է տեսնում: «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը շրջում էր դիրքերում, լուսանկարում տղաներին: Շատ մեծ դժվարությամբ համոզում է նաև Կարենին լուսանկարվել: Նկարը 29ին էր արվել, ուրեմն՝ Կարենս ողջ էր: Հետո Կարենս զանգեց. «Մա՛մ ջան, կարևոր գործողության ենք մասնակցել, հետո կլսեք մեր մասին: Միայն այդքանը: Ասաց, որ իրենց մոտ հանգիստ է, կարող են առաջ գնալ, բայց թույլ չեն տալիս, մի երկու բառից հասկացա, թե ինչքան վնաս են հասցրել թշնամուն: Իմ տղան միլիմետրի ճշտությամբ հաշվարկներ է արել: Այդ մասին տեսանյութեր կան, նկարներ»: Մայրիկն ասում է՝ մինչև հոկտեմբերի 23ը Մարտակերտի իրենց դիրքերն անսասան են մնացել, ոչ մի միլիմետր նահանջ չի եղել:
 
«Երբ հանձնեցին Ղարաբաղը, այդ ժամանակ են դրանք թողել, դուրս եկել: Իրենց դիրքերն ամուր են եղել: Մարտունին այդ ժամանակ ծանր վիճակում է եղել: Երբ ՄՈԲը լքել է Մարտունին, իմ տղայի հրամանատարն ասել է՝ կգնանք օգնության Մարտունի 2ի ու 3ի տղերքին: Հոկտեմբերի 23ից առաջին գծի տղաներին քիչքիչ իջեցրել են: Տղայիս ընկերը վարորդ է եղել, տարբեր ուղղություններով է գնացել զորքին տեղափոխելու համար, հրամանատարին ասում է. «Գոնե իմ մարտկոցը մի իջեցրու, տեսնում ես՝ երեխեքին մաղում են»: 21 հոգի են եղել, որից 45ը՝ վարորդ: Բայց հրամանատարն ասել է, որ չեն կարողանում Մարտունին պահել, պիտի տղաները միանան իրենց: Հոկտեմբերի 26ի առավոտյան հայրիկին ասել էր, որ իջնում են ներքև, հստակ տեղը չէր նշել. «Որ չզանգեմ, չանհանգստանաս»: Մեր կարծիքով, այդ օրը նաև վիրավոր ժամանակ է զանգահարել մեզ, բավականին երկար խոսել բոլորիս հետ, բայց իր ձայնն անգամ չէր հուշում վտանգի չափի մասին, ծիծաղում էր, կատակներ անում»:
 
Տղաները հասել են սահմանված վայր: «Տարել էին բաց դաշտի մեջ, տվել ականանետերը, կարծես նրանց թիրախ դարձրած լինեն: Սմերչ, ֆոսֆոր, կասետային ռումբեր, թշնամին ամեն ինչ թափել էր տղաների վրա: Մարտ էին վարել մինչև վերջին շունչը: Իր մարտական ընկերը՝ Արմենը, պատմում է. «Վազում էինք, Կարենն ընկավ՝ Ա՛րմ, վիրավոր եմ, չեմ կարողանում քայլել»: Տղայիս տեղափոխել են մի փոսի մեջ, գնդակոծությունը հանդարտվել է, շատ վիրավորներ և զոհեր են ունեցել: Հրամանատարը շտապօգնության մեքենա է կանչել, որ վիրավորներին դուրս բերեն: Այդ ժամանակ ոմանց ուզում են հրամանատարի մեքենայով դուրս բերել, մեքենան թիրախավորում են: Երեք շտապօգնության մեքենա է լինում, վիրավորներին տեղավորում են, մեքենան չի հասցնում տեղից շարժվել, անօդաչուն հարվածում է: Դա լինում է Ճարտարի ու Գիշիի արանքում: Մեքենա կա, որ երեք օր այրվել է, չեն կարողացել մոտենալ, որ հանգցնեն: Միայն մեկն են շուտ հանգցրել, ամուսինս ասում է՝ հենց դրա մեջ է եղել տղաս»:
 
Կարենի մարտական ուղին փաստում է. «2020 թ.ի հոկտեմբերի 23ին վաշտը պաշտպանության շրջանից երթ է կատարել ԱՀ Մարտունու շրջանի Ուլ յանասար կոչվող բարձունքի տարածք և այնտեղ անցնելով պաշտպանության, շարքային Կարեն Արմենի Ապրեսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները»: Կարենն անմահանում է հոկտեմբերի 26ին: «Մեզ ոչ ոք չի զանգել ու տեղեկացրել, թե ինչ է եղել մեր տղայի հետ: Անընդհատ ցուցակներն էի կարդում, դրանցից մեկում նոյեմբերի 10ին տեսա Կարենիս անունը: Մինչև նոյեմբերի 21ը տեղ չմնաց, որ չփնտրեինք տղայիս: Ամուսինս, մեծ տղաս, եղբայրս երկու անգամ գնացին Ղարաբաղ, ոչ մի տեղ չէին գտնում իրեն: Հետո արդեն ԴՆԹով «գտանք»»: Ապրելու ուժի մասին: «Բավականին երկար ժամանակ պարփակվել էի ինքս իմ մեջ: Հետո մեծ տղաս կարծես սթափեցրեց ինձ: Հիմա ամեն կերպ՝ գրքերի, ֆիլմերի, հարցազրույցների միջոցով փորձում եմ ապրեցնել Կարենիս: Իր սովորած դպրոցներում իր անկյունն ունի: Իր անունով ծառեր ենք տնկում: Դավիթաշենի 4րդ թաղամասում խաչքար ենք տեղադրել Կարենի և մեր բոլոր տղաների հիշատակին»:
 
Հ. Գ. Կարեն Ապրեսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular