ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ի անգործությունը պետությանը միլիարդների վնաս է պատճառում. ով է մաքսանենգ ծխախոտի կնքահայրը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ անգամներ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է, որ ՀՀ Կառավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել ծխախոտի շուկայում, ու Հայաստանում մեծ մասշտաբների մաքսանենգ ապրանքներ կան:

Հատկապես ՊԵԿ-ի վերջին փոփոխություններից հետո տեղեկություններ ենք ստանում, որ ակտիվացել են հարեւան Վրաստանից, ավելի կոնկրետ՝ գործող երեք մաքսակետերի Duty Free-ներից ծխախոտ գնելու դեպքերը: Ծխախոտը ֆիզիկական անձանց միջոցով, փոքր խմբաքանակներով անցկացվում է Հայաստան, ապա Telegram ալիքներով, սոցցանցերով ու list.am-ով կազմակերպվում է դրանց վաճառքը:

Տպավորություն է, որ այս գործընթացը ոչ թե քաոտիկ կերպով է կատարվում, այլ գործ ունենք կազմակերպված խմբավորման հետ, որի թելերը տանում են հայ խոշոր գործարարներից մեկի շրջապատ, ում անունը դեռեւս չենք հայտնում, քանզի ակտիվ աշխատանքներ են տարվում այդ մասով:

Ծխախոտ արտադրող ընկերություններից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ պետության ներսում ստեղծում են աշխատատեղ, տալիս են հարկ, որը մեկ տուփի դեպքում միջինը 250-300 դրամ է, եւ տեսնում են, թե ինչպես է զարտուղի ճանապարհով կազմակերպվում ծխախոտի ներմուծում եւ վաճառք, որը հաճախ ավելի էժան է ստացվում, քան տեղական արտադրողի մուծած հարկը: Իսկ պետությունը կա՛մ չի ուզում պայքարել, կա՛մ չի կարողանում դադարեցնել այս ապօրինությունը:

Հետաքրքիր է՝ ՊԵԿ նոր նախագահ Էդուարդ Հակոբյանը կկարողանա՞ արդյունք ցույց տալ, թե՞ կբավարարվի մեկ-երկու կոսմետիկ քայլերով:

Հ.Գ. Բնական է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու համար նախընտրելի է էժան ապրանքի ձեռքբերումը, սակայն հարկ վճարողին «աստվածացնելու» քարոզչություն իրականացնող պետությունը նույնիսկ մատը մատին չի տալիս հարկատու արտադրողին անհանգստացնող խնդրին համապարփակ լուծում տալու համար:

Հ.Գ. 2. Չենք հրապարակում մաքսանենգ ծխախոտի վաճառքի այլ հարթակներ. վստահ ենք, որ ուժային համակարգը դրանք կկարողանա գտնել, եթե ոչ, պատրաստ ենք տրամադրել մեր ձեռքի տակ եղած փաստերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular