Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբեր
ՖՈՏՈՀերալդիկան կարող է տարբեր լինել՝ ընտանեկան, տարածքային, ազնվական։ Կա նաև կորպորատիվ՝ մասնագիտական հերալդիա։ Այն գոյություն ունի հնուց և մինչ օրս էլ հանդիսանում է ընկերության բիզնես ոճի մի մասը:
Հին ժամանակներում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ ստեղծում էին իրենց նշանները: Օրինակ այնպիսի բժշկական խորհրդանիշներն ու տարբերանշանները, ինչպիսիք են բաժակը, օձը և գավազանը, և դրանք գալիս են հին քաղաքակրթությունների ժամանակներից։ Կորպորատիվ հերալդիկան առաջացել է միջնադարում և պահպանվել է մինչ օրս։ Այսօր զինանշանը կամ տարբերանշանը հանդիսանում է այն ընկերությունների կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասը, որոնք հետաքրքրված են ճանաչելի բրենդ ստեղծել:
Առաջին կորպորատիվ խորհրդանիշները հայտնվել են Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հին Հունաստանում։ Սակայն կորպորատիվ հերալդիկայի մասին կարելի է ամբողջությամբ խոսել միայն հերալդիկայի, որպես այդպիսին, ի հայտ գալուց հետո, այսինքն սկսած 12-13-րդ դարերից։
Սկզբում զինանշանները բացառապես ազնվականների, թագավորների, ասպետների, խոշոր հողատերերի արտոնությունն էին։ Այնուամենայնիվ, մյուս դասերը նույնպես ցանկանում էին ցույց տալ իրենց անհատականությունը: Այդ ժամանակ էլ սկսեցին հայտնվել գիլդիաներ կամ արհեստանոցներ, այսինքն որոշակի մասնագիտության վարպետների միավորումներ։ Օրինակ կային առևտրական գիլդիաներ կամ կաշեգործների, կոշկակարների և հացթուխների միավորումներ։ Այդ միավորումներն ունեին ներքին կանոններ և պաշտպանում էին իրենց անդամներին:
Արհեստավորներն ունեին իրենց տարբերակիչ նշանը, այսպես ասած որակի նշանը։ Եվ դրանք գրեթե զինանշաններ էին։ Մնում էր հարցը լուծել օրենքով, որը, սակայն, արգելում էր հասարակ մարդկանց զինանշաններ ստեղծել։ Արդյունքում արհեստանոցների և գիլդիաների առաջին զինանշաններն անօրինական էին և գոյություն ունեին, քանի որ դրանց տերերն առատաձեռնորեն կաշառքներ էին տալիս։ Պետությունը չցանկանալով այդ ամենին կողքից նայել կաշառքը փոխարինվեց «սխալ» զինանշանի համար պաշտոնական վճարմամբ, իսկ հետո հայտնվեց զինանշանների հարկը։ Եվ հետո էլ որոշվեց, որ գիլդիաներն ու համայնքները վարձավճարով կարող են ձեռք բերել սեփական զինանշան ստեղծելու իրավունք։ Իսկ որոշ դեպքերում պաշտոնյաները նույնիսկ սկսեցին ստիպել տարբեր գիլդիաների ներկայացուցիչներին զինանշան ձեռք բերել։
Կորպորատիվ զինանշանները նման էին ընտանեկան զինանշաններին։ Այնուամենայնիվ, կային նաև տարբերություններ, դրանք անձնական տվյալներ չէին պարունակում։ Օրինակ գիլդիայի ավագի մասին, նրա անձնական հատկանիշների մասին։ Այսպիսով, ի՞նչ էր պատկերված կորպորատիվ զինանշանների վրա։ Դրանք առաջին հերթին պատկերում էին արտադրության գործիքները կամ աշխատանքի արդյունքները։ Օրինակ, վարսավիրական գիլդիայի զինանշանը կարող էր պատկերել մկրատ և ածելի, կոշկակարների զինանշանը սապոգն է, իսկ պղնձագործների զինանշանն աշխատանքային գործիքները։ Ի տարբերություն ընտանեկան հերալդիկայի, կորպորատիվ զինանշանների պատկերները տեղադրվել էին պատահականության սկզբունքով: Բացի այդ, ֆիգուրները հաճախ պատկերվում էին ծավալով, ինչն անընդունելի էր ընտանեկան զինանշանների համար։
Կորպորատիվ զինանշանները նաև ունեին նշանաբան ժապավենները, որոնց վրա գրված էին կարճ հաղորդագրություններ։ Ի դեպ, դա որպես գովազդ էր աշխատում:
Ի տարբերություն ընտանեկան զինանշանների, կորպորատիվ զինանշանները ենթակա չէին խիստ հերալդիկ կանոնների և հաճախ բավականին ազատորեն փոխանցում էին հիմնական գաղափարի իմաստը։ Սակայն նման զինանշանների հիմնական խնդիրը ոչ թե հերալդիկ սկզբունքներին խստորեն պահպանելն էր, այլ ձեռնարկության կայունությունն ու ամբողջականությունը ցուցադրելը։ Եվ նաև ընկերության փիլիսոփայության, նրա հիմնական առաքելության խորհրդանշական ներկայացումը:
Կ. Խաչիկյան