ԱՄՆ-ը թուրք պաշտոնատար անձանց հիասթափություն է հայտնել՝ կապված դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը թուրք պաշտոնատար անձանց իր հիասթափությունն է հայտնել՝ կապված մի քանի օր առաջ տեղի ունեցած բախումների հետ, երբ Վաշինգտոնում թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվել են ցուցարարների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հայտարարվել է, որ բռնության նման դրսեւորումն «ուղղակի անընդունելի է»:
«Հետաքննություն է կատարվում»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ինքը կսպասի արդյունքներին եւ միայն դրանից հետո որոշում կընդունի պատասխան պաշտոնական միջոցների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Թուրքիայի նախագահ Էրդողանի այցի դեմ բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում մասնակիցների վրա են հարձակվել Էրդողանի կողմնակիցները: Հաղորդվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները: Բախումների հետեւանքով տուժել է 11 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որոնցից 9-ը հիվանդանոց է տեղափոխվել: ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու:
«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության աշխատակիցները եղել են դեսպանի նստավայրի մոտ եւ տեսանկարահանում են կատարել, որից հետեւում է, որ թուրքական հատուկ ծառայության վերակարգը հանկարծակի հարձակվել է ցուցարարների վրա, նրանց գետնին գցել եւ սկսել ոտքերով խփել, մինչեւ ամերիկացի ոստիկանները թուրք ուժայիններին ետ չեն մղել: Հոլովակում երեւում է, որ Էրդողանը կանգնած է իր Լիմուզինի մոտ՝ հետեւելով ծեծկռտուքին:
ԱՄՆ իշխանությունները կարճ ժամանակով ձերբակալել են խմբի 2 անդամի, որոնք ապահովում են Էրդողանի անվտանգությունը, սակայն շուտով նրանց բաց են թողել դիվանագիտական արձանագրության համաձայն, որն անձեռնմխելիությամբ է օժտում արտասահմանյան բարձրաստիճան անձանց ուղեկցողներին:
Մի քանի ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ կողմից ավելի վճռական գործողությունների կոչ են անում: Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կոչ է արել երկրից արտաքսել թուրք դեսպանին: