ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Թոփչյանը ընդգրկվել է Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ընդգրկվել է Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։ Հիշեցնենք, որ այս տարի միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։

Էդուարդ Թոփչյանը նշում է, որ երիտասարդ սերնդի հետ կապված ցանկացած մրցույթի, դասական երաժշտության միջոցառման շրջանակներում բոլորը, այդ թվում նաև ինքը, ցանկանում են տեսնել շատ վառ և լուրջ ապագա ունեցող երիտասարդների։ «Եթե նույնիսկ Խաչատրյանի մրցույթում Երևանում հաջողությունների հասնեն այլազգի երգիչներ, նրանք կկապվեն մեր երկրի հետ, և մեր օպերային թատրոնն ապագայում առիթ կունենա նրանց որպես հյուր երգիչների ընդունելու։ Ենթադրում եմ, որ այդպես կլինի, քանի որ եթե ցանկացած մեկն իր առաջին քայլերը կատարելիս որևէ երկրում հաջողություններ է գրանցում, կարծես թե կապվում է այդ երկրի հետ»,- նշեց Էդուարդ Թոփչյանը։

Նա նաև նկատեց, որ ինքը՝ որպես ժյուրիի անդամ, երգչի մեջ գնահատելու է պրոֆեսիոնալիզմը. «Աշխարհը հիմա փոխվել է։ Շատ երկրներ կան, որտեղ օպերային թատրոններում քաստինգ են անցկացնում, այն պարագայում, երբ երգիչների դեպքում քաստինգ չի կարող լինել։ Ես դեպքեր գիտեմ, երբ առաջին փուլում օպերային թատրոնը դիտարկում է երգիչների արտաքինը։ Այսինքն՝ եթե մի երիտասարդ Պավարոտտի կամ Կաբալյե լինի, առաջին իսկ փուլից որևէ հնարավորություն չունի։ Ինձ համար օպերային արվեստը շարունակում է մնալ երաժշտական արվեստ, և ինձ առաջին հերթին հետաքրքրում է երգիչների գեղեցիկ ձայնն ու պրոֆեսիոնալ երաժշտական մակարդակը»։

Նշենք, որ Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Ժյուրիի կազմում են նաև երաժշտական աշխարհում հայտնի մասնագետներ՝ Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջոն Ֆիշերը, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ, Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Սերգեյ Խաչատրյանի և աշխարհահռչակ այլ երաժիշտների անձնական մենեջեր Մարկ Հիլդրյուն, օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, միջազգային ասպարեզում ճանաչված նյույորքաբնակ դիրիժոր, Ջուլիարդի դպրոցի մանկավարժ, Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն Ջորջ Պարոդին, երաժշտագետ, Piano Competition for Outstanding Amateurs միջազգային մրցույթի հիմնադիր Ռիչարդ Ռոդզինսկին, հանրահայտ կլարնետահար, մանկավարժ Ջամպիերո Սոբրինոն, «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյս Ժագարսը։ Մրցույթին կմասնակցեն 13 երկրի 43 վոկալիստներ։ Նրանք առաջին փուլում, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։

Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթն ավանդույթի համաձայն կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Երաժշտական այս նշանակալի իրադարձության բացման համերգին ելույթ կունենան մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Կոստանտին Օրբելյանի, Վասիլի Վլասովի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Իզաբել Բայրաքդարյանը, մեծանուն այլ արտիստներ։ Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ժյուլ Մասնեի, Ջոակինո Ռոսսինիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։

Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular