ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտացորենի սերմերի ներմուծումը կազատվի ավելացած արժեքի հարկից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում: Նշվում է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով շահագրգիռ կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումներով ներկայացված առաջարկությունները:

Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունն, ըստ նախարարության, պայմանավորված է հողօգտագործողների համար քաղցր եգիպտացորենի սերմերի հասանելիության բարձրացման, ցանքատարածությունների ավելացման, արտադրվող արտադրանքի ինքնարժեքի նվազեցման և մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ։

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքով կարգավորվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացած արժեքի հարկից։ Սակայն, ցանկում ներառված գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ծածկագրերում բացակայում են ԱՏԳ ԱԱ 0712 90 110 0 (քաղցր եգիպտացորեն, հիբրիդային՝ ցանքի) ծածկագրով ապրանքները, որոնց համար գանձվում է ավելացած արժեքի հարկ։ Վերջինս հանգեցնում է քաղցր եգիպտացորենի սերմերի ինքնարժեքի բարձրացման, հասանելիության նվազեցման և ցանքատարածությունների կրճատման։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ քաղցր եգիպտացորենի սերմարտադրությունը Հայաստանում բացակայում է, ուստի վերջինիս արտադրությունը հնարավոր է իրականացնել միայն ներմուծված սերմերի միջոցով։

Օրենքում կատարվող լրացումների նպատակը քաղցր եգիպտացորենի սերմերի ներմուծման ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորումն է։ Ակնկալվում է քաղցր եգիպտացորեն, հիբրիդային՝ ցանքի և սերմեր ներկրողների, ինչպես նաև դրանց արտադրությամբ զբաղվող հողօգտագործողների համար բարենպաստ պայմանների ստեղծում, տեղական արտադրանքի ծավալների և ցանքատարածությունների ավելացում, ինքնարժեքի նվազում, հողօգտագործողների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում և տեսականու ընդլայնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular