ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Ազնավուրի կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունը՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացումում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 29-ին  տեղի կունենա  ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա կլինի նաև ինքը՝ աշխարհահռչակ երգիչը:

Լրագրողների հետ հանդիպմանը բեմադրության սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆ  Ռուդոլֆ Խառատյանն ասաց, որ բալետային ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա:

«Ազնավուրն այն երևույթն է, ով  ճեղքել է ժամանակը, դուրս է եկել ժամանակից ու դարձել հավերժություն իր արվեստով, երգերով: Այդ արվեստը բաղկացած է ֆիզիկական իր կերպարից, որը շատ ցայտուն է բեմի վրա, ձայնից, որը հատուկ է, խոսքերից ու երաժշտությունից: Այս չորսին այսօր միանում է թատերական, բալետային այն ձևը, որով պետք է ավելի հարստանա ոչ թե Ազնավուրը, այլ բնությունը: Այն արտացոլում է Ազնավուրի արվեստի համամարդկային բնույթը»,- նշեց նա՝ հավելելով, որ բալետը չի հավակնում ներկայացնելու Ազնավուրի կենսագրությունը, այլ նրա կերպարի, անցած կայնքի ու զգացմունքների այլաբանությունն է:

Հարցին, թե ինչպե՞ս եք ընտրել այդ 12 երգը, Ռ. Խառատյանն ասաց, որ չի ընտրել՝ հարմարացնելով պարային շարժումներին, այլ ելնելով ներքին դրամատուրգիայից:

«Բոլոր ընտրված երգերն ուղարկում էինք երգչին, հայտնում էր՝ գոհ է, թե ոչ: Իր հետ խորհրդակցել ենք ու համաձայնեցրել ամեն երգ, սցենարը»,- հավելեց բեմադրող խորեոգրաֆը:

Պատասխանելով մեկ այլ հարցին, թե բեմադրությունն ավելի շատ դասական բալետի վրա է խարսխվա՞ծ, թե՞ ժամանակակից, Ռ. Խառատյանն ասաց. «Ավելի ժամանակակից մոտեցում է՝ հենված դասականի վրա: Այսինքն՝ շարժումները բոլորը նույնն է, ուղղակի շարժման արագություն, տեմպ, ռիթմ կա այստեղ: Բայց սա մոդեռն չէ»:

Նրա խոսքով, դասականի հետ համադրել է այն ժամանակակից ձևերը, ինչը հնարավոր էր. տղաների բարձր թռիչքներ ու ակրոբատների հանկարծակի հայտնվելը բեմում, հեծանվորդ՝ մի կողմից ստեղծելով փարիզյան, երևանյան, կամ ցանկացած մեծ քաղաքի եռուզեռ, մյուս կողմից  ներկայացնելով այսօրվա մոտեցումը:

Բալետի գլխավոր դերերում են օպերայի և բալետի թատրոնի պարողները՝ Գարեգին Բաբելյան, Անդրանիկ Աբովյան, Տաթևիկ Գրիգորյան, Կարինե Շիկանյան:

Արդյո՞ք գոհ եք պարողներից հարցին ի պատասխան, նա նշեց. «Մեր պարողներն ինչքան լավանում են, ես ավելի հեռուն եմ տեսնում, ավելի կատարյալն եմ տեսնում»:

Ասուլիսին ներկա ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ այս բեմադրությունը շատ հայտնի է լինելու ոչ միայն Հայաստանում, նաև վստահ է, որ  հայտնի կլինի ամենուր, որտեղ սիրում են Ազնավուրի երգերը, իսկ դա  ողջ աշխարհում է: Նա նաև տեղեկացրեց, որ Ռ. Խառատյանի հետ նախատեսում են անել նաև առաջին բաժինը՝ ֆրանսիացի երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար, ՀՀ  Պատվո շքանշանի ասպետ, Միշել Լեգրանի երաժշտության  հիման վրա:

«Լա Բոհեմ» ներկայացման պրեմիերան ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում: Այն ընդգրկվելու է օպերայի և բալետի թատրոնի խաղացանկային ներկայացումների շարքում:



Աղբյուր` Panorama.am
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular