ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի 10 ամենաօգտակար մթերքները

ՖՈՏՈ

NEWS.am Medicine-ը գրում է.

Դիետոլոգների եւ գաստրոէնթերոլոգների եվրոպական ասոցիացիայի փորձագետները կազմել են ամենաօգտակար մթերքների վարկանիշային աղյուսակը, որոնք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրեր եւ հեշտ են յուրացվում:

1. Լոլիկ

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է լոլիկը: Այն արժեքավոր է մեծ քանակով լիկոպին հակաօքսիդանտի, բջջանյութի եւ կալիումի պարունակությամբ: Հակաօքսիդանտային հատկության շնորհիվ լոլիկը (նաեւ լոլիկից պատրասվող տոմատի սոուսը) օրգանիզմին օգնում է պայքարել քաղցկեղային բջիջների դեմ, օգտակար է նաեւ սիրտ-անոթային համակարգի համար եւ օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը:

2. Վարսակաձավար

Երկրորդ տեղում է վարսակաձավարը, որը մեծ քանակով բուսական սպիտակուցներ, բջջանյութ, B խմբի վիտամիններ եւ տարրալուծվող սննդային մանրաթելեր է պարունակում: Վարսակի շիլայի օգտագործումը պաշտպանում է բարձր ճնշումից, աղեստամոքսային համակարգը մաքրում է տոքսիններից: Խորհուրդ է տրվում վարսակի շիլա ուտել շաբաթական 1-2 անգամ առավոտյան:

3. Կիվի

Կիվին վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականում է հայտնվել: Այս միրգը А, С եւ Е վիտամիններ է պարունակում, իսկ դրա սերմերը՝ օմեգա-3 ճարպաթթուներ: Կիվին օգնում է պահպանել անոթների առողջությունը, զարկերակային ճնշումը, այն նաեւ արագացնում է նյութափոխանակությունը եւ օգնում նիհարելուն:

4. Խաղող

Չորրորդ տեղում խաղողն է: Մուգ տեսակների խաղողը դանդաղեցնում է օրգանիզմում օքսիդացման պրոցեսները, ինչը պաշտպանում է չարորակ նորագոյացությունների առաջացումից: Խաղողը նաեւ չափազանց օգտակար է անոթների համար՝ այն խոչընդոտում է թրոմբների առաջացմանը:

5. Ձուկ եւ ծովամթերք

Հինգերորդ հորիզոնականում են ձուկը եւ ծովամթերքը: Դրանք ճարպեր, վիտամիններ, հանքանյութեր եւ միկրոտարրեր են պարունակում, որոնք բարելավում են անոթների եւ զարկերակների վիճակը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթական 2-3 անգամ օգտագործել:

6. Բրոկոլի

Բրոկոլին վեցերորդ հորիզոնականում է: Բրոկոլին օրգանիզմին օգնում է վերականգնվել հիվանդություններից հետո, այն օգտակար է լյարդի, սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային համակարգի համար, նաեւ նյարդային եւ նյութափոխանակության խանգարումների դեպքերում: Այն չափազանց անհրաժեշտ է տարեց մարդկանց, երեխաներին եւ հղի կանանց:

7. Ավոկադո

Յոթերորդ տեղը զբաղեցրել է ավոկադոն: Հատուկ ճարպաթթուների պարունակության շնորհիվ ավոկադոն ամրացնում է արյունատար անոթները եւ սիրտը, իսկ նրա ֆերմենտներն օրգանիզմին օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Ավոկադոն նաեւ դրականորեն է ազդում ուղեղի վրա՝ ավոկադոյի կանոնավոր օգտագործման դեպքում գրգռվածությունը եւ հոգնածությունը նվազում են, բարելավվում է ընդհանուր ինքնազգացողությունը:

8. Ձու

Գիտնականները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 4 ձու ուտել: Ձվի մեջ պարունակվող նյութերը օգնում են չեզոքացնել այն վնասը, որն անոթներին հասցնում է շրջակա միջավայրը: Դրանից բացի, ձուն հագեցած է կալցիումով եւ լեցիտինով, որի միջոցով կանխվում է արագ ծերացումը:

9. Սխտոր

Վարկանիշի 9-րդ տեղում է սխտորը: Սխտորի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի. այն օգնում է անոթներն առողջ պահել, նաեւ նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը: Դրանից բացի, համարվում է, որ սխտորի օգտագործումը կարող է կանխել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող որոշ հիվանդություններով վարակվելը:

10. Ձիթապտղի յուղ

Վերջապես՝ 10-րդ տեղում է առաջին մզվածքի ձիթապտղի յուղը: Ձիթապտղի յուղում պարունակվում են բազմահագեցած ճարպաթթուներ, մասնավորապես՝ օլեինաթթու, որը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Օրգանիզմի կողմից ձիթապտղի յուղը հեշտ է յուրացվում, այն նվազեցնում է ախորժակը, արագացնում նյութափոխանակությունը եւ բարենպաստ ազդում ստամոքսի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular