Ինչով է փոխատուցում քաղաքական ասելիքի բացակայությունը «Երկիր Ծիրանի» կուսակցությունը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկիր Ծիրանի կուսակցության ստեղծումը, գործունեությունն ու վարքագիծը դեռևս որևէ առիթ չի տվել այդ կուսակցության մասին լուրջ խոսելու:
Ժառանգության նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը իր մեկնարկը սկսեց Երևանի քաղաքապետի ընտրություններից: Չկողմնորոշվելով, արդյոք իրենք ընդդիմադիր են գործող իշխանություն ՀՀԿ-ին, թե պատկառելի ձայների քանակով ԱԺ անցած ԵԼՔ-ին, Ծիրանին այդպես էլ որևէ լուրջ քաղաքական հայտ չներկայացրեց: Պատահական չէ, որ քաղաքական ասելիքի բացակայությունը հանրությունը փոխարինեց կուսակցության անվան հետ լեզվական խաղիկներով: Հիշենք միայն վերջերս տեղացած ուժեղ կարկուտը, որից հետո համացանցը ողողվեց կարկուտ-Երկիր Ծիրանի համեմատականներով: Արդյո՞ք սա սոցցանցերի օգտատերերի մեղքն է: Իհարկե, ոչ: Երբ չկա քաղաքական ասելիք, ապա մնում է միայն հումորով վերաբերվել այդ ուժին:
Փոստանջյանն արդեն ընտրություններից հետո խոստացել էր դժոխքի վերածել քաղաքապետարանի կյանքը: Մինչ այդ էլ դիմել էր քաղաքական սաբոտաժի արդեն ժամկետն անցած մեթոդների ՝ ափսեներ ջարդել, խրտվիլակներ վառել և այլն: Ընտրություններից առաջ էլ, քարոզարշավի ընթացքում Երկիր Ծիրանիի լիդերը չէր կողմնորոշվում, թե ինչ կերպար ու գաղափարախոսություն պիտի որդեգրել : Մեկ ՝լիբերալ տիկնոջ, մեկ ՝ ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարի լը Պենի, մեկ ՝ Սասնա ծռերի քաղաքական փաստաբանությամբ զբաղվողի, մեկ ՝ «ռեժիմի» ահարկու հակառակորդի դերերը հերթով փոխարինում էին մեկ մեկու:
Կարող է հարց ծագել, թե ինչպես ստացվեց, որ այսպիսի անլուրջ ու հեղհեղուկ վարքի դեպքում Երկիր Ծիրանին հայտնվեց Երևանի ավագանու կազմում: Ծիրանիի բախտը պարզապես բերեց, որ շատ քաղաքական ուժեր պարզապես չմասնակցեցին ընտրություններին: Մի բան հստակ է, քաղաքական ասելիքի բացակայության դեպքում այն լցվում է հնարավոր ամեն ինչով. Երկիր Ծիրանին ընտրել է սաբոտաժի ճանապարհը: Իսկ սաբոտաժը ակնթարթային մեդիա ազդեցությունից բացի այլ արդյունավետություն չունի և հոգնեցնում է բոլորին:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: