Ադրբեջանցի սակրավորներ են վիրավորվել թուրք–իրանական սահմանը ականազերծելիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտարարություն է տարածել, թե թուրք–իրանական սահմանը ականազերծելիս երկու ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել:
«Հունիսի 20–ին, ժամը 7:00–ի սահմաններում ականազերծման գործողության ժամանակ ական է պայթել, որի հետևանքով սակրավորներ` Հեզի Ասլանովը և Ռուսլան Քասիմովը վիրավորում են ստացել: Վիրավոր սակրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:
Ըստ ANAMA–ի՝ ադրբեջանցի սակրավորները Թուրքիայում աշխատում էին Թուրքիայի տարածքների ականազերծմամբ զբաղվող MECHEM ընկերության և Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության միջև կնքված պայմանագրով:
Նշվում է, որ ադրբեջանցի սակրավորները թուրք–իրանական սահմանի ականազերծումը սկսել են դեռ ապրիլի 19–ից, և մինչ վիրավորվելը «հազարավոր ականներ են վնասազերծել»: