ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՛մ ճանաչում եմ ՀՀ դատարանի իրավասությունները, կա՛մ չեմ ճանաչում. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջին դատավարությունները, որտեղ ամբաստանյալների աթոռներին նստած են հեղափոխականները, ապստամբները կամ՝ երկրի ներսում «ազգային-ազատագրական պայքար» մղողները, կամ պարզապես «լավ տղերքը», «հերոսները» և «նվիրյալները», որոնց ամեն ինչ կարելի է (կարելի է տարբեր ձևով անվանել նրանց), այդ դատավարություններն առայժմ, ըստ էության, տապալվում են:

Պատճառները մի քանիսն են՝ 1) դրանք դատական դեպարտամենտի կողմից վատ են կազմակերպվում, 2) հեղափոխականների համակիրները «շուխուռ են անում», 3) իրենք` հեղափոխականները, ամեն ինչ անում են, որպեսզի այդ դատավարությունները տապալվեն:

Առաջին երկու պատճառները, հուսով եմ, վաղ թե ուշ կվերանան: Մասնավորապես, դատավարությունների կազմակերպիչները կհասկանան, որ փաստաբաններին խուզարկելն օրենքով արգելված է, և «տղայավարի» չեն պնդի հակառակը: Ի դեպ, լրագրողներին ապակու հետևում պահելը նույնպես լավ գաղափար չէ, որովհետև այնտեղից համարյա ոչինչ չի լսվում, և գործընկերներս ընդմիջումներին ստիպված են վազել դատավարության մասնակիցների հետևից և ճշտել, թե ով ինչ ասաց: Երկրպագուները նույնպես, հավանաբար, վաղ թե ուշ կհասկանան, որ դատավարությունը ռոք-համերգ կամ հանրահավաք չէ:

Երրորդ հարցն ավելի սկզբունքային է: Ես կա՛մ ճանաչում եմ ՀՀ դատարանի՝ ՈՐՊԵՍ ԻՆՍՏԻՏՈՒՏ, իրավասությունները, կա՛մ չեմ ճանաչում: Եթե չեմ ճանաչում, ապա դատավարությանը որևէ ձևով մասնակցելն անիմաստ է: Դա նշանակում է չընդունել նաև պետության իրավասությունը, ապրել «լավ տղու պանյատներով», որի համար Քրեական օրենսգիրքը և մնացած օրենքները «զրո» են: Բայց դա հենց այն դիրքորոշումն է, որը որդեգրել է իշխանության ներկայացուցիչների մեծ մասը վերջին 26 տարվա ընթացքում: Հեղափոխական և իշխանական ծայրահեղությունները, ինչպես բոլոր մնացած ծայրահեղությունները, մոտենում են իրար. «Ես էս ազգի հմար էնքան բան եմ արել, որ կարամ մի 2-3 հոգու էլ գյուլլեմ»: Կամ՝ «մի 2-3 բան էլ գողանամ»:

Եթե ես ճանաչում եմ ՀՀ դատարանի իրավասությունները, ապա պետք է ոտքի կանգնեմ, պատասխանեմ դատավորի և դատախազների հարցերին, ի դեպ, սաստեմ հեղափոխական էքստազի մեջ գտնվող իմ երկրպագուներին (հատկապես՝ տիկնանց), լինեմ զուսպ և կոռեկտ և՝ այդ ոճի մեջ մնալով, ապացուցեմ, որ ՏՎՅԱԼ դատարանն անկախ չէ, պրոֆեսիոնալ չէ, կատարում է Բաղրամյան 26-ի պատվերը, որ ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել կամ՝ կատարել եմ, լավ եմ արել, ազգիս համար եմ արել, դա ապստամբություն էր և այլն: Միայն ինստիտուտի իրավասությունները ճանաչելու դեպքում իմաստ ունի փաստաբաններ վարձել, միջնորդություններ անել, ելույթներ ունենալ և այլն:

Եվ հակառակը՝ եթե ես ապստամբ եմ և հեղափոխական, ապա պիտի հավատամ միայն հեղափոխական արդարադատությանը, որն իրականացնում է հրապարակում հավաքված զանգվածը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular