Թուրքական 1-ին զրահամեքենաներն անձնակազմով հանդերձ հասել են Քաթար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է Քաթարում հիմնվող թուրքական ռազմաբազայում տեղակայվելիք անձնակազմի և զրահամեքենաների առաջին խմբաքանակի` Դոհա հասնելու մասին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Թուրքիայի և Քաթարի միջև ռազմական կրթության, համագործակցության և ստորաբաժանում տեղակայելու վերաբերյալ իրականացված իրավական կարգավորումների շրջանակներում 5 զրահամեքենայի և 23 հոգանոց անձնակազմի Դոհա տեղափոխումն ավարտված է: Գործողությունը 2 երկրների միջև կնքված պայմանագրերի բաղկացուցիչ մասն է: Այսուհետ ևս գործողությունները կշարունակվեն ըստ ծրագրված հերթականության»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Քաթարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Քաթարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Քաթարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք քննարկվեցին արտահերթ կարգով: