Քաղաքապետարանը լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գործին. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը նորից լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գործին:
Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի գետնանցումի մոտ սովորաբար կանաչի, երբեմն նաև միրգ ու բանջարեղեն վաճառող ամուսինները երեկ ահազանգում էին, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ մոտեցել են, արագ վերցրել իրենց ապրանքի մի մասը և գնացել:
Նրանց ձեռքից փրկել հաջողեցրած ապրանքը՝ տիկին Սոֆիկն ու նրա ամուսին Մնացականը շարունակում էին վաճառել:
«Պատահական գալիս են ու վերցնում, տանում են: Գոնե ասեն՝ մի կողմ դրեք կամ էնպիսի տեղ դրեք, չերևա, մի քիչ խղճով մոտենան մարդկանց: Ահավոր վայրագ ձևով հարձակվում են, ապրանքը վերցնում, տանում են: Չէ՞ որ դա քրտինքով է ստեղծվել, օրվա հացն ենք տանում, տանը ծանր պրոբլեմներ կան, ծանր վիճակ է, հացի խնդիր է: Աշխատանք չկա: Եթե չենք գալիս, շատ ենք նեղվում տանը, օրը դժվար է մեզ համար: Ամուսինս երկու անգամ ինֆարկտ է տարել, հենց նոր ես վախեցա՝ իրեն նորից ինֆարկտը խփի: Բա դա խի՞ղճ է: Կերած- խմած, հագած-կապած մարդիկ էին: Ապրանքը տանում են, ասում են՝ եկեք հետևից, որ մեզ տուգանեն: Փող են աշխատում: Անուն-ազգանուն են վերցնում, անձնագիր են ուզում»,- վրդովված ասում էր առևտուր անող կինը:
Ընդ որում, նշում էր, որ սա առաջին դեպքը չէ, երբ «թաղապետարանի» աշխատակիցները տանում են իրենց ապրանքը: Ասում էին, որ պատահում է նաև լցնում են երթևեկող մեքենաների տակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: