ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփինե Հովհաննիսյանը xopan.am-ի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես կգա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարությամբ նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ուսումնասիրություն է իրականացրել նախորդ շաբաթ աղմուկ բարձրացրած «xopan.am» կայքի վերաբերյալ: Այդ մասին այսօր մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Նախորդ շաբաթ հեռախոսային օպերատորներից մեկի միջոցով բաժանորդներին «xopan.am» կայքից հաղորդագրություն էր ուղարկվել՝ արտերկրում առկա տարբեր աշխատատեղերի մասին: Խնդիրը մտահոգությունների տեղիք էր տվել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց հարցը՝ ընդգծելով, որ դա պետական մակարդակով արտագաղթի խրախուսման տպավորություն է թողնում:

Ի պատասխան Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ է ստացել այդ հաղորդագրությունը եւ պակաս զարմացած չէ:

Նա վստահեցրեց, որ պետական մակարդակով խրախուսման մասին խոսք գնալ չի կարող եւ ընդգծեց, որ ցանկացած անձ իրավասու է նման տեղեկատվություն տեղադրել եւ դա իրավաչափ է: Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նկատեց, որ ոչ իրավաչափ է օպերատորների կողմից բջջային հեռախոսահամարներ՝ անձնական տվյալներ տրամադրելը: «Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից խնդիր կա գոնե առերեւույթ: Այս պահին ակնհայտ է»,- ասաց նախարարը՝ խոստանալով ուսումնասիրել խնդիրը եւ տեղեկատվություն տրամադրել:

Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն այսօր մեզ հայտնեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության իրականացրած ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ առաջիկայում Արփինե Հովհաննիսյանը հանդես կգա պարզաբանմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular