Նոր մանրամասներ՝ Մեսսիի առաջիկա հարսանիքից
ՖՈՏՈԱրգենտինական Ռոսարիո քաղաքում մեծ իրարանցում է. այստեղ են ժամանել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հանրահայտ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հարսանյաց հանդեսի 260 հայտնի հյուրերը:
Այսօր ֆուտբոլիստն ու նրա կողակիցը՝ Անտոնելլա Ռոկուցցոն, 10 տարվա համատեղ կյանքից հետո օրինականացնելու են իրենց հարաբերությունները: Նրանք ճոխ հարսանյաց հանդես են կազմակերպել:
Լիոնել Մեսսիին շնորհավորելու են եկել նրա գործընկերները՝ 30 հայտնի ֆուտբոլիստներ: Հրավիրված է նաև երգչուհի Շակիրան:
Լիոնել Մեսսիին և Անտոնելլա Ռոկուցցոյին օրինական կին ու ամուսին են հռչակելու տեղի հյուրանոցային համալիրներից մեկում: Այս առիթով նախապես կազմակերպչական մեծ աշխատանքներ են տարվել . բարեկարգվել ու մաքրվել է հյուրանոցի տարածքը, ուժեղացվել է անվտանգությունը: Բանն այն է, որ այդ թաղամասը հայտնի է թմրանյութերի բիզնեսով զբաղվող իր բնակիչներով:
300 ոստիկաններ են հերթապահում օդանավակայանից հյուրանոց ընկած ճանապարհին, որպեսզի ապահովեն հյուրերի անվտանգությունը, իսկ Անտոնելլայի հարսանեկան զգեստը առաքվել է անվտանգության երկու աշխատակիցների ուղեկցությամբ:
Հայտնի է նաև, թե ինչ են ճաշակելու այս հարսանիքի հյուրերը . աշխարհահռչակ ֆուտբոլիստը նրանց հյուրասիրելու է ապխտած միս, սեղանին պաշտետի ու պանրի մի քանի տեսակներ են լինելու, իսկ գլխավոր ճաշատեսակը արգենտինական սթեյքն է: