ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր և ահասարսուռ փաստեր պատմության մեջ ամենադաժան տիրակալներից մեկի՝ Վլադ Ցեպեշի մասին

ՖՈՏՈ

Պատմության ամենադաժան տիրակալներից է եղել Վլադ Ցեպեշը, ինքը՝ Դրակուլան, ով XV դարում աննախադեպ գազանություններ է գործել մարդկանց նկատմամբ: Ժամանակակից Տրանսիլվանիան, որ գտնվում է Ռումինական Կարպատների մոտ, զբոսաշրջիկներին գրավում է, առաջին հերթին, անցյալին հպվելու և Դրակուլայի մասին լեգենդներն իմանալու հնարավորությամբ, որոնցով լի է այդ շրջանը:

Տիրակալին կոչում էին և՛ սատանա, և՛ վամպիր, և՛ ուղղակի դաժան մոլագար: Մարդ, ում միայն հայացքից արդեն սարսափից դողում էին նրա ենթակաների ծնկները:

Հայտնի է, որ հին Վալախիայի մայրաքաղաքում շատրվանի մոտ ոսկե թաս կար, որից յուրաքանչյուրը կարող էր սառը ջուր խմել: Այն ոչ ոք չէր հսկում, և որևէ բանից ամրացված չէր: Այնուամենայնիվ, մարդիկ այնքան էին վախենում իրենց տիրակալից, որ ոչ ոք չէր համարձակվում այն գողանալ: Այդ ժամանակ մայրաքաղաքում 60,000 մարդ էր ապրում:

Դրակուլան սիրում էր նախաճաշել իր այգում՝ շրջապատված ցցերի վրա հանված մարդկանցով: Ընդ որում, տիրակալի ախորժակն ամենևին չէր տուժում տառապանքի հառաչանքներից, քայքայման հոտից և արյան տեսքից:

Մի անգամ գնացող-եկող առևտրականներից մեկից գողանում են ոսկեդրամներով քսակը: Զոհը բողոքում է Ցեպեշին: Տառացիորեն հաջորդ օրը ոսկեդրամներով քսակը գցած էր առևտրականի դռան մոտ: Նա կրկին գնում է Ցեպեշի մոտ և ասում է, որ քսակում մեկ ոսկեդրամ ավել է: Վլադը քմծիծաղով ասում է. «Եթե չասեիր այդ մասին, հիմա գողերի հետ միասին դու էլ ցցին կհայտնվեիր»:

Դաժան տիրակալը հրամայել է տաշել ոչ թե սուր, այլ բութ ցցեր, որպեսզի զոհը տանջվի առնվազն մի քանի օր, մինչև մեռնելը: Ընդ որում, որքան բարձր էր մեղավոր ճանաչվածի կարգավիճակը, այնքան երկար էր նրա համար նախատեսված ցիցը:

Վլադ Ցեպեշը ճղել է սիրուհու որովայնը, երբ վերջինս տեղեկացրել է իր հղիության մասին, իսկ նա չի հավատացել: Սուր դանակով պատռելով սիրուհու որովայնը՝ Ցեպեշը բղավում է. «Ես քեզ ասում էի, չէ՞, որ սուտ չեմ սիրում»:

Երբ Օսմանյան կայսրության դեսպանները, գալով Ցեպեշի մոտ, մոռանում են գլխարկները հանել ռումինական պալատականների առջև, Ցեպեշն անմիջապես հրամայում է մեխել գլխարկները նրանց գլուխներին:

Մի անգամ տիրակալն իրար գլուխ է հավաքում բոլոր աղքատներին և թշվառներին, շռայլորեն կերակրում և խմեցնում է նրանց: Կուշտ հյուրասիրությունից հետո նա հարցնում է. «Կուզեի՞ք ընդմիշտ ազատվել երկրային տառապանքներից»: Բնականաբար, հրավիրվածները դրական պատասխան են տալիս: Ցեպեշը հրամայում է դրսից փակել դռներն ու լուսամուտները և շենքը հրդեհել է տալիս: Վկայությունների համաձայն՝ ոչ մեկին չի հաջողվում կրակից դուրս պրծնել:

Կարելի է անվերջ զարմանալ խելագար Դրակուլայի գազանություններին, սակայն պետք չէ նաև մոռանալ պատմությունը. այն ժամանակներում այդ եղանակներով էլ հենց կարողանում էին պահել ժողովրդի վրա իշխանությունը: Այնուամենայնիվ, Ցեպեշը վառ առանձնանում էր այլ տիրակալների ֆոնին. նրա պատիժները տարբերվում էին ոչ միայն դաժանությամբ, այլև վառ արտահայտված սադիզմով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular