ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են ազդել Հայաստանի վրա. «Ամերիկայի ձայն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպմանը քննարկվելու են մոլորակի առավել թեժ խնդիրները՝ Սիրիա, Ուկրաինա և Հյուսիսային Կորեա: Այդուհանդերձ, հանդիպման արդյունքները ուղղակիորեն կանդրադառնան Հարավային Կովկասի երկրների վրա, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման ընթացքում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի կամ Հարավային Կովկասի հարցերը հավանաբար չեն քննարկվելու: Այդ հանդիպման արդյունքները սակայն ուղղակի ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ամերիկյան վերլուծաբան Սթիվեն Բլանքը.

«Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»:

Վերլուծաբանի կարծիքով, այս առաջին հանդիպման ընթացքում Թրամփի ու Պուտինի ուշադրության կենտրոնում են լինելու Սիրիան, Ուկրաինան և Հյուսիսային Կորեան: Բլանկի կարծիքով սակայն, լուրջ առաջընթաց ակնկալել պետք չէ, քանի որ խնդիրներից յուրաքանչյուրը խարսխված է հակասությունների լուրջ բեռի վրա.

«Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկն այս հանդիպման ընթացքում զգալի արդյունք կարձանագրի»:

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման բացասական ավարտը կարող է անտեղի ավելացնել ճնշումը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, ընդգծում է Սթիվեն Բլանքը:

Մեկ այլ վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Սեստանովիչն ակնկալում է, որ հանրությունն ուշադրություն կդարձնի ոչ միայն հանդիպման բովանդակային կողմին, այլև՝ առաջնորդների շարժումներին.

«Երկուսն էլ՝ և՛ Թրամփը և՛ Պուտինը «ժեստերի լեզվի» սիրահար են և հանդիպումը կարող է դիտարկվել նաև այդ հարթության մեջ. Որքան սառն էր հայացքը, որքան մեծ ձանձրույթ կամ ընդհակառակը՝ ջերմություն է փորձում փոխանցել առաջնորդն իր ժեստերով»:

Սեստանովիչի խոսքով, նման սպասումների պատճառով Թրամփի և Պուտինի հանդիպման արդյունքները կարող են դիտարկվել ոչ թե բովանդակային պայմանավորվածություններով, այլ՝ հպանցիկ ժեստով կամ արտահայտությամբ: Մինչդեռ, իրականում, հանդիպման հիմնական ակնկալիքը, ըստ դեսպանի, պետք է լինի մեկը.

«Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփին և Պուտինին կհաջողվի անձամբ սահմանել ռուս-ամերիկյան հարաբերությունները, թե՞ այդ հարաբերություններն ուղղակի սահմանվելու են անդեմ բյուրոկրատական հաստատությունների միջոցով»:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular