Աղբի տեսուչներ դեռ չկան, բայց տուգանքների մասին հիշեցվում է. մինչև 200 հազար դրամ. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մայիսի 25-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և գործադիրի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում` տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ: Սա ենթադրում էր, որ պետք է ստեղծվեր «աղբի տեսուչի» ինստիտուտ, որի գործառույթները կլիներ վերահսկել, հայտնաբերել և տուգանել չսահմանված վայրերում աղբ թափողներին:
Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի ավագանու անդամ Նարեկ Բաբայանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Կապանի Բարաբաթում թաղամասում ցուցանակ է տեղադրվել, որը հիշեցնում է աղբ թափելու տուգանքի մասին:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը Վարչական իրավախախտման մասին ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տարիներ շարունակ զբաղվել է չսահմանված վայրերում աղբ թափելը վերացնելով:
«Կոմունալ բաժնում տեսուչ կա, որն զբաղվում է այդ աշխատանքներով, դրա համար պատասխանատու է: Նրա կողմից կազմված արձանագրությունը ներկայացվում է քաղաքապետարան, որի համաձայն վարչաիրավական բաժինը սկսում է իրականացնել վարչական վարույթ, որի արդյունքում քաղաքացու կամ տնտեսվարողի կողմից ոչ սահմանված տեղում թափած շինարարական կամ կենցաղային աղբի փաստը հիմնավորվելուց հետո ենթարկվում են տույժի»,- ասաց քաղաքապետը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: