ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի թեթև «բազար» սկսվեց, բառիս բուն իմաստով` դատարկ տեղը. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Արդյո՞ք պետք է կեսարին հարկեր վճարել»,- հարցրին փարիսեցիները Հիսուս Քրիստոսին: «Խաչաձև» լրագրողական հարց էր, ուզում էին «բռնացնել». եթե ասեր` «վճարե՛ք», կվիրավորեր ազգային զգացմունքները, կասեին` «ըհը՜ն, ուզում է, որ մենք հարկեր մուծենք գաղութատիրական Հռոմի ռեժիմին»: Եթե ասեր` «մի՛ վճարեք», կասեին` «ըհը՜ն, կայսրության դեմ ապստամբության կոչ է անում»: Բայց այդ «բանախոսին» այնքան էլ հեշտ չէր «բռնացնել»:

Տերն ասաց` «տվեք, տեսնեմ, այդ հռոմեական մետաղադրամը, ո՞ւմ պատկերն է դաջված»: «Կեսարի»,- պատասխանեցին փարիսեցիները: «Դե, ուրեմն, կեսարինը կեսարին տվեք, Աստծունը` Աստծուն»: Դա, առաջին հերթին, իմ կարծիքով, նշանակում է` «պետք չէ խառնել պետության առջև պարտականությունները հոգևոր կյանքի հետ»: Բայց նաև` «այն, ինչ պատկերված է փողի վրա, պետության խորհրդանիշն է»:

Հիշո՞ւմ եք, խորհրդային մեկ ռուբլանոցի վրա ոչինչ նկարած չէր, 3-ի և 5-ի վրա` Կրեմլն էր` խորհրդանիշ էր, բայց կայսր չէր: 10, 25, 50, 100 ռուբլանոցների վրա Լենինն էր` մեր այն ժամանակվա «կայսրն» էր` ոչ բոլորի համար ընդունելի: Բրիտանական ֆունտի բոլոր թղթադրամների «ավերսի» վրա ներկայիս թագուհին (իր երիտասարդ տարիներին) է, Էլիզաբեթ Երկրորդը, որքան հասկանում եմ, ոչ մեկի նյարդերին չի ազդում: Բրիտանական տարբեր թղթադրամների «ռևերսի վրա» մեզ հայտնի Չարլզ Դարվինը և Ադամ Սմիթն են, պակաս հայտնի Բոլթոնը և Ուայթը` գոլորշիով աշխատով շարժիչի գյուտի հեղինակները, և մեզ անհայտ ոմն Էլիզաբեթ Ֆրայը` 19-րդ դարի բարեգործ: Ում են հարկեր մուծում` Լենինի՞ն, թագուհո՞ւն, Բենջամին Ֆրանքլինի ստեղծած պետությա՞նը, եթե խոսքը 100 դոլարանոցի մասին է: Համենայնդեպս, կայսրերը գնացին, Լենինը` նույնպես:

Անգլիացիներն ու ամերիկացիները ոչ մի պատճառ չունեն և, վստահ եմ, չեն ունենա հրաժարվելու Էլիզաբեթ թագուհուց, Ֆրանկլինից կամ անգամ Դարվինից ու Ադամ Սմիթից, և դա, ինձ թվում է, այդ պետությունների հզորության, կայացած լինելու ամենակարևոր ցուցիչներից է:

Մենք անընդհատ տվայտանքների մեջ ենք` էս մի խորհրդանիշը վատն է, եկեք լավով փոխենք: Դեռ լավ է, որ որևէ քաղաքական գործչի կամ պատմական դեմքի, որևէ արքայի կամ կաթողիկոսի նկար չենք ուզում պատկերել փողի վրա, հասկանում ենք, որ մեծ «բազար» է լինելու: Հիմա էլ մի թեթև «բազար» սկսվեց, բառիս բուն իմաստով` դատարկ տեղը: Ի՞նչ մեղքեր են գործել Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը և Սարյանը, որ նրանց փորձում են փոխարինել այլ արվեստագետներով: Վերջիններս էլ են, իհարկե, մեծարման արժանի` չնայած հասկանալի է, որ Պարույր Սևակին Չարենցի հետ չես համեմատի:

Բայց ո՞րն է այդ «ռոտացիայի» իմաստը` միանգամայն անհասկանալի է: Մարդկանց համար կարևոր է, որ նրանք կարողանան այդ դրամով որքան հնարավոր է` շատ ապրանքներ գնել, ոչ թե այն, թե ինչ է թղթադրամների վրա նկարած»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular