Ո՞վ է «ժուչոկ» դրել տնօրենի մոտ. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, որն այս պահին գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Քրեական գործ է հարուցված, իսկ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, որոնց տվյալներն այս պահին հրապարակման ենթակա չեն»,- armtimes.com-ին տեղեկացրեց մարզի դատախազը:
Արթիկի թիվ 4 մանկապարտեզի նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանն էլ տեղեկացրեց, որ դեռ որևէ տեղեկություն չկա, թե ով է ի վերջո իր աշխատասենյակում գաղտնալսող սարք դրել:
«Գործից դեռ ոչ մի բան չկա: Հիմա հատուկ գործերի քննիչն է քննում գործը: Ինձ հա էլ քննում են, չեմ հաշվել, բայց շատ եմ գնացել, եկել: Չգիտեմ, թե ինձանից բացի ում են քննել»,- armtimes.com-ին տեղեկացրեց նախկին տնօրենը:
Արթիկից armtimes.com-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ հարցաքննության են հրավիրվել մանկապարտեզի նախկին տնօրենը, ամբողջ աշխատակազմը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի տեղակալ Արտակ Հարությունյանը, ինչպես նաև բաժնի պետեր:
Հիշեցնենք, որ «ժուչոկի» ի հայտ գալուց հետո, Մխիթար Վարագյանն աշխատանքից ազատել էր Հասմիկ Աջամօղլյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: