ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանվել է «Սադվալ»-ի առաջնորդը. նա լեզգիներին կոչ էր անում չծառայել Արցախի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպանվել է «Սադվալ» լեզգիական միջազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիեւը: Այսօր Մախաչկալայում հայտնաբերվել է Նազիմ Հաջիեւի դին՝ դանակով հասցված բազմաթիվ հարվածների հետքերով: Ոստիկանները դեռ չեն պարզել սպանության հանգամանքներն ու դրդապատճառները, սակայն արդեն իսկ ընդհանրություններ են նկատվում 2015 թվականի մարտի 24-ին «Սադվալ»-ի ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովի սպանության հետ:

Ենթադրվում է, որ Նազիմ Հաջիեւի սպանության պատճառը նրա ղեկավարած շարժման ծավալած գործունեությունն է: «Սադվալ»-ը երկար տարիներ է պայքարում է Ադրբեջանի հյուսիսում լեզգիական անկախ պետության ստեղծման համար: Ադրբեջանում լեզգիական այդ շարժումը ճանաչվել է որպես ահաբեկչական եւ նրա դեմ ակտիվ պայքար է ծավալվում: Ադրբեջանի հյուսիսարեւելյան՝ լեզգիաբնակ շրջաններում շարժումը մեծ թվով համակիրներ ունի: Բաքվում քանիցս հայտարարել են, թե անջատական այդ շարժումըն իբր հովանավորում են Հայաստանի հատուկ ծառայությունները:

2015 թվականի հունիսին Նազիմ Հաջիեւը կոչով դիմել էր Ադրբեջանում ապրող լեզգի երիտասարդներին՝ վերջիններիս կոչ անելով ամեն կերպ խուսափել զինված ուժերում ծառայելուց: Դրա անհնարինության դեպքում նա լեզգի երիտասարդներին հորդորել էր բացահայտորեն հրաժարվել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետ շփման գծում ծառայելուց: «Դա մեր պատերզմը չէ: Հայ ժողովուրդը մեր թշնամին չէ: Մենք հայ ժողովրդի թշնամիները չենք»,-հայտարարել էր Հաջիեւը: Ավելի վաղ նա լեզգի, թալիշ, ավար եւ մի խումբ մտավորականների հետ դիմել էր ներկայիս Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդներին կոչ անելով հնարավոր պատերազմի դեպքում զենք չբարձրացնել հայերի դեմ: Մտավորականները հայտարարել էին, որ Արցախը պատկանում է հայ ժողովրդին եւ պետք չէ հանուն արհեստածին Ադրբեջան կոչվող պետության արյուն թափել:

Միաժամանակ, Նազիմ Հաջիեւը այն գործիչներից էր, ով հրապարակայնորեն ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը եւ քանիցս հանդես եկել այն ժխտողների դեմ հրապարակային հայտարարություններով: 2015 թվականի ամռանը նա կատաղի քննադատության էր ենթարկել Ռուսաստանի լեզգիների ազգային-մշակութային ինքնավարության փոխանախագահ Ռուսլան Կուրբանովին, որը ТВЦ հեռւոստաալիքով կասկածի տակ էր առել Հայոց ցեղասպանության փաստը: Այդ օրերին Հաջիեւը բաց նամակով դիմել էր հայ ժողովրդին՝ հայտարարելով, որ լեզգի ժողովուրդը չի կիսում Կուրբանովի տեսակետը:

Չնայած որ Հաջիեւի սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն, այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ Հաջիեւի սպանոթյունը իրականացրել կամ պատվիրել են ադրբեջանական հատուկ ծառայություները: Համենայնդեպս, տվյալ սպանության մեջ ադրբեջանական հետք որոնելու պատճառները բավական շատ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular