Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Լեհաստանի տարածքից Ուկրաինա կվերադառնա սեպտեմբերի 10-ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես Լեհաստանից Ուկրաինա եմ վերադառնում սեպտեմբերի 10-ին՝ «Կրակովեց» անցակետով»,- ասել է Սաակաշվիլին չորեքշաբթի երեկոյան Facebook-ի իր էջում ուղիղ եթերում՝ կոչ անելով Ուկրաինայի իշխանություններին «փոս չփորել» սահմանին և «կրկես չսարքել» իր վերադարձի կապակցությամբ:
Նախկին նահանգապետը նաև հայտնել է, որ ժամանելով Ուկրաինա՝ կգնա դատարան՝ իր քաղաքացիության իրավունքները պաշտպանելու համար: Սաակաշվիլիի խոսքով՝ ՄԻԵԴ նա դեռ մտադիր չէ դիմել, քանի որ եվրոպական դատարանում գործընթացը երկար կտևի:
Սաակաշվիլին անօրինական է անվանել իրեն ուկրաինական քաղաքացիությունից զրկելը և հայտարարել է, որ Եվրոպայի մի քանի երկրներ իրեն առաջարկել են իրենց անձնագիրը:
«Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, ես մի քանի եվրոպական երկրից քաղաքացիություն ստանալու առաջարկներ ունեմ: Ես աշխատանքի առաջարկներ ունեմ, բայց դա ինձ համար չէ: Ես պարտավորություն եմ ստանձնել ուկրաինացիների առաջ Ուկրաինան ազատել օլիգարխներից»,- ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները հիմքեր չունեն իրեն երկիր թույլ չտալու համար՝ չնայած նա այժմ չունի այդ երկրի քաղաքացիություն:
«Օրինական կերպով ես իրավունք ունեմ մտնել Ուկրաինա»,- ընդգծել է Սաակաշվիլին: