Թրամփը սպառնացել է «փակել» կառավարությունը, եթե Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է առճակատման գնալ Կոնգրեսի հետ, եթե կառույցը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, գրում է The Daily Mail-ը:
«Անգամ եթե ստիպված լինենք «փակել» կառավարությունը, մենք կկառուցենք պատը»,- սպառնացել է Թրամփը:
Դաշնային մարմինների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը հնարավոր է, եթե Կոնգրեսում կուսակցությունները բյուջեի հարցով պայմանավորվածության չգան:
Թրամփը նաև մեղադրել է Կոնգրեսի դեմոկրատ անդամներին պատի կառուցման առաջարկը հավանության չարժանացնելով ԱՄՆ-ի անվտանգությունը վտանգելու համար:
«Մենք պատ ենք կառուցում հարավային սահմանին, ինչն ուղղակի անհրաժեշտություն է»,-ասել է նա:
Մեքսիկայի հետ սահմանին պատը Թրամփի նախընտրական կարևոր խոստումներից մեկն է եղել: Նախընտրական արշավի ժամանակ նա պնդում էր, որ համոզել է Մեքսիկային վճարել կառուցման համար, սակայն մեքսիկական իշխանությունները հստակ հասկացրել են, որ ոչ մի գումար չեն տրամադրի պատի համար: