Ի՞նչն է պետք գաղտնի պահել՝ ըստ հնդիկ փիլիսոփաների
ՖՈՏՈԿյանքում կան հանգամանքներ ու իրադարձություններ, որոնց մասին պետք չէ խոսել՝ ի լուր աշխարհի: Դա ունի իր պատճառները, որոնք էլ բացահայտում են հնդիկ փիլիսոփաները:
Երբ երջանիկ եք, ուզում եք, որ ամբողջ աշխարհն այդ մասին իմանա, բայց երջանկությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, եթե հեռու եք նախանձ հայացքներից: Իզուր չեն ասում՝ «Ինչով պարծենաս, առանց դրա էլ կմնաս»:
Ձեր հեռահար ծրագրերի մասին մի՛ խոսեք, քանի որ դրանք ընդամենը մտքեր են, որոնք կարող են նաև չիրականանալ: Բացի այդ, երբ այդ ամենն առարկայացնում եք, իրագործելիս այլևս չեք ոգևորվում:
Ձեր արած բարեգործության մասին պատեհ-անպատեհ մի՛ պատմեք, այլապես հիացմունքի փոխարեն կարժանանաք քամահրանքի: Ամենաբարի գործն էլ, շատ շահարկվելիս, վերածվում է գլուխգովանության:
Կյանքում կուտակած ձեր փորձն ու իմաստնությունը դրոշակ մի՛ դարձրեք և առանց կարիքի՝ խորհուրդներ մի՛ բաժանեք բոլորին՝ անխտիր: Ավելի բարձր զնգում է այն կաթսան, որը դատարկ է:
Եթե կին եք, ձեր ամուսնու թերություններն ի ցույց մի՛ դրեք ազգականներին ու ձեր ընկերներին: Եթե ամուսին եք, երբեք վատ մի՛ արտահայտվեք ձեր կնոջ մասին: Ամուր է այն ընտանիքը, որն իր կեղտոտ սպիտակեղենն ի ցույց չի դնում բոլորին:
Մի՛ բամբասեք և մի՛ վատաբանեք ուրիշների արարքները: Կեղտոտ կոշիկները մաքրել հնարավոր է, աղտոտված հոգին՝ ոչ: