ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբդուլ Համիդը ոչ թե չի կարողացել կանխել հայերի կոտորածը, այլ չի ցանկացել. թուրք պատմաբանը մեկնաբանել է Օսմանյան բանկի գրավմանը հետևած դեպքերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» զրուցել է թուրք պատմաբան, Թուրքիայի ամենահայտնի համալսարաններից Բողազըջըի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Էդհեմ Էլդեմի հետ, ով ուսումնասիրել է հայերի կողմից 1896թ.-ին իրականացված Օսմանյան բանկի գրավման գործողությունը:

Ըստ թուրք պատմաբանի՝ այդ ամենը շատ ավելի վաղուց սկսված ու մի քանի փուլով զարգացած պատմական շրջան էր: 

«1878թ.-ի Բեռլինի վեհաժողովից հետո Օսմանյան կայսրության հայ բնակչության ու արևելյան վիլայեթների (Արևմտյան Հայաստան - tert.am) հետագա ճակատագրի հետ կապված քաղաքական գործընթացներն ու բախումները կարող ենք որակել որպես այդ փուլերից առաջինը: Մի կողմից հայերի հույսերը՝ ունենալ հավասար իրավունքներ, ինքնավարություն ու նույնիսկ անկախություն, մյուս կողմից էլ՝ պետության կողմից աճող հակազդեցությունն ու հարցի լուծման փնտրտուքները», - մեկնաբանում է Էլդեմը:


Երկրորդ փուլում այս ամենը ստացավ ավելի կոշտ ու ուժային դրսևորումներ, ինչպես 1894-ի Սասունի կոտորածները: Այս դեպքում երկու կողմերում էլ խոսեցին թրերը: Պատմաբանի կարծիքով՝ դրանից հետո Թուրքիայում հայկական մի քանի կուսակցությունների հիմնած կոմիտեները տարբեր գավառներում բնակչության շրջանում առավել ազգայնական տրամադրություններ արթնացրին, իսկ սուլթանը միևնույն ժամանակ նախապատվությունը տվեց ռազմական ուժով հարցը լուծելուն:

Ըստ Էլդեմի՝ հայերի՝ որպես թիրախ Օսմանյան բանկի ընտրությունը նույնպես պատահական չէր. մի կողմից այն պետական կառույց էր, մյուս կողմից էլ լայն կապեր ուներ Եվրոպայի հետ, որի ուշադրությունը ջանում էին գրավել իրենց իրավունքների համար պայքարող հայերը:

Պատմաբանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թուրքական աղբյուրները բանկի վրա հարձակումից հետո Ստամբուլում սկսված հակահայկական տրամադրությունների հետևանքով տեղի ունեցած ջարդի ժամանակ մահացած հայերի թվի մասին գրեթե չեն խոսում: Ըստ եվրոպական ու հայկական աղբյուրների՝ այդ թիվը 8.000 է: Մյուս կողմից թուրքական աղբյուրները գրում են այդ օրերին հայերի կողմից սպանված հազարավոր մահմեդականների մասին, իսկ հայերը ներկայացվում են որպես դավաճան ու ապստամբ:

«Թեև սպանված հայերի թվաքանակի վերաբերյալ հստակ տեղեկության հասնելն իսկապես բարդ է, ես, օգտվելով օսմանյան աղբյուրներից, փորձել եմ գլխավորապես ապացուցել, որ դա իրական կոտորած էր և որ թուրքական թեզն անհիմն է», - նշում է թուրք պատմաբանը: Ըստ նրա՝ թիվը նվազագույն հաշվարկով 1000 է: 

Մյուս կողմից «Ակօսի» զրուցակիցը շեշտում է, որ որոշ թուրքական աղբյուրներ թեև չեն հերքում կոտորածի փաստը, սակայն ջանում են մեղմել դրա պատասխանատվությունն ու սովորաբար առաջ են բերում Ստամբուլի մահմեդական բնակչության՝ բանկի վրա հարձակման հետևանքով ծնված կատաղությունն ու անկառավարելի ամբոխի վերածված լինելը: Ըստ թուրք պատմաբանի՝ նման դեպքերում հաճախ աղբյուրները դա որակում են որպես պարզապես ցավալի դեպք, ավելին՝ հայերի գլխին եկած բազմաթիվ դժբախտությունները մեկնաբանելիս այս արդարացումն օգտագործվել է բազմիցս, ինչպես նաև շարունակվում է կիրառվել այժմ: 

Էլդեմի մյուս կարևոր նկատառումը կապված է սուլթան Աբդուլ Համիդի վերաբերմունքին հարձակմանն ու դրան հետևած կոտորածին:  

«1896թ.-ին՝ սուլթանի հետախուզության ամենաազդեցիկ տարիներին, օրը ցերեկով նվազագույնը հազար հոգու դաժան սպանությունը հնարավո՞ր բան է, և եթե այո, ապա ի՞նչ է սա նշանակում: Այն դեպքում, երբ սուլթանի պալատի կողքով ծիտ անգամ չէր կարող թռչել՝ Ստամբուլի սրտում՝ Գալաթայի, Բեշիկթաշի, Ուսքյուդարի, Բեյօղլուի պես շրջաններում այսպիսի բռնությունների դեմ անձայն մնալն ինչպե՞ս կարող ենք ընդունել»  - նկատում է պատմաբանը: 

Թուրք պատմաբանը համոզված է՝ կոտորածն Աբդուլ Համիդը ոչ թե չի կարողացել կանխել, այլ չի ցանկացել դա անել:



Edhem Eldem

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular