ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չհղիանալու 14 մեթոդ, կամ` կյանքն առանց աբորտի

ՖՈՏՈ

Տեղին է մի քանի փաստ նշել աբորտի մասին.

Ըստ վիճակագրության՝ ամեն 5-րդ կնոջ մոտ աբորտը հանգեցնում է անպտղության: Նույնիսկ եթե աբորտը ոչ շատ վտանգավոր (այսինքն՝ ոչ գործիքային) մեթոդով է արվում, հնարավոր չէ բացառել հորմոնալ մեծ վնասը: Իսկ գործիքայինի դեպքում հնարավոր է արգանդի պերֆորացիա (թափածակում): Երբեմն արնահոսությունն այնքան ուժգին է, որ անհնար է վնասվածքը վերացնել, ու ստիպված արգանդն է հեռացվում:

Հաճախակի աբորտները էստրոգեն-կախյալ ուռուցքների պատճառ են (արգանդի միոմա, կրծքագեղձի քաղցկեղ եւ այլն) մինչեւ 40-45 տ. կանանց մոտ:

Առաջին պտղի աբորտն էլ ավելի վտանգավոր է: Օրգանիզմում առաջին անգամ կարեւոր հորմոնալ վերադասավորություն է կատարվում, որը շատ կտրուկ ընդհատվում է, եւ կարող են հորմոնալ շատ լուրջ, դժվար բուժվող հիվանդություններ առաջանալ: Բացի այդ, առաջին հղիության ժամանակ արգանդը պարուրող լորձաթաղանթը շատ բարակ է, աբորտի դեպքում այն հեշտ է վնասել, ինչի պատճառով անհնար է երկրորդ հղիությունը: Եվ սա դեռ ամենը չէ:

Հարց՝ ինչու՞ հասնել աբորտի, եթե բժշկագիտությունը հղիությունից պաշտպանվելու ահռելի մեծ հնարավորություններ է տալիս մեզ: Պարզապես պետք է սեքսի ու հաճույքի ալիքներում չանջատել ուղեղն ու բարձր պահել սեփական օրգանիզմի նկատմամբ հարգանքը: Նախապես ընտրել ու հետեւողականորեն կիրառել որեւէ մեթոդ, ցանկալի է՝ գինեկոլոգի հետ քննարկելուց հետո. ահա սա է միակ ընդունելի ճանապարհը:

Ի դեպ, իգական սեռի 500 օգտատեր-ընկերներիս շրջանում հարցում անցկացրի հետեւյալ ձեւակերպմամբ. «Կարո՞ղ եք առանց «գուգլելու» նշել, թե որն է հղիությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ մեթոդը»: Առաջին հորիզոնականում բացարձակ առաջատար էր պահպանակը: Երկրորդ տեղում՝ ներարգանդային պարույրն ու հաբերը: Երրորդ՝ ամենահաճախ հնչող կեսկատակ, բայց շատ հայեցի պատասխանը «սեքսով չզբաղվել»-ն էր:

Չհղիանալու 14 մեթոդ.

1.Ընդհատված սեռական ակտ. արդյունավետությունը՝ 80-85%

Այս մեթոդի ճիշտ տեխնիկան հետեւյալն է. տղամարդը պետք է իր սեռանդամը կնոջ հեշտոցից հանի սերմնաժայթքումից անմիջապես առաջ: Սերմնաժայթքումը պետք է տեղի ունենա որտեղ ասես, բացի հեշտոցից: Այս մեթոդն, ինչ խոսք, հարմար է. չի նվազեցնում սեռօրգանների զգայունությունը, ֆինանսական ծախսեր չի պահանջում: Բայց այն բավական անհուսալի է: Սեքսի ընթացքում տղամարդու մոտ քսուքատիպ (նախասերմնային) հեղուկ է արտադրվում, որը պարունակում է 10-20 միլիոն սպերմատոզոիդ: Իսկ դա ավելի քան բավարար է հղիանալու համար: Եթե նույնիսկ վստահ եք ձեր տղամարդու կողմից սերմնաժայթքման կառավարման վրա, ապա քսուքատիպ հեղուկի արտադրությունն անկառավարելի է: Սա՝ հաստատ:

Սրան ավելացնենք նաեւ հոգեբանական վնասակարությունը, քանի որ ընդհատված սեքսը բնական երեւույթ չէ: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ այս մեթոդի տեւական կիրառումը կարող է սեքսուալ սառնություն առաջացնել կնոջ մոտ, էրեկտիլ խնդիրներ՝ տղամարդու մոտ, եւ սեքսուալ ցանկության նվազում՝ երկուսի մոտ:

Ի վերջո, այս մեթոդը խիստ անցանկալի է պատահական սեքսի դեպքում, քանզի չի պաշտպանում սեռավարակներից:

2. Օրացույցային կամ «ապահով օրերի» մեթոդ. արդյունավետությունը՝ 80-90%

Այս մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ կինն ունակ է հղիանալու միայն ձվազատումից հետո մի քանի օրվա ընթացքում (օվուլյացիա): Տեսականորեն օվուլյացիան տեղի է ունենում մենստրուալ ցիկլի 11-15-րդ օրերին: Հենց այս օրերն են հղիանալու համար առավել բարենպաստ համարվում, իսկ այլ օրերին կինը չի կարող հղիանալ: Բայց սա միայն տեսությունն է: Իրականում հստակ 28-օրանոց մենստրուալ ցիկլ՝ իր հստակ օվուլյացիայով, հանդիպում է կանանց միայն 30%-ի մոտ: Հաշվի առնենք նաեւ, որ սպերմատոզոիդը հեշտոցում կարող է կենսունակ մնալ մինչեւ 9 օր: Եթե օվուլյացիան լինի հենց այդ օրերին, բեղմնավորում կարող է գրանցվել: Մեթոդի 80-90% արդյունավետությունն ապահովվում է միայն մշտական օվուլյացիոն օրացույց պահելու դեպքում, որն, ինչ խոսք, շատ աշխատատար է:

3. Բազալ ջերմության չափման մեթոդ. արդյունավետությունը՝ 80-90%

Մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ օվուլյացիայից առաջ բազալ ջերմությունը ցածր մակարդակի վրա է էստրոգեն հորմոնի ազդեցության տակ, իսկ օվուլյացիայից հետո պրոգեստերոն հորմոնը բարձրացնում է ջերմությունը: Ջերմաստիճանի աճը նշանակում է, որ օվուլյացիան կայացել է: Միայն թե բազալ ջերմությունը չափելու կանոններ կան.

-ջերմությունը չափել պետք է ամեն առավոտ՝ միեւնույն ժամին, առանց անկողնուց վեր կենալու,

-ջերմությունը պետք է չափել ողջ ցիկլի ընթացքում,

-չափելու տեւողությունը միշտ նույնը պետք է լինի, օրինակ՝ 5 րոպե,

-ողջ ցիկլի ընթացքում պետք է օգտագործել միեւնույն ջերմաչափը:

Երկու փուլերի ջերմաստիճանների տարբերությունը պետք է նվազագույնը 0,4-0,5 աստիճան լինի: Այս մեթոդն ավելի արդյունավետ է նախորդի հետ զուգակցման դեպքում: Ու կրկին՝ շատ աշխատատար:

4.Հեշտոցի ներլվացում. արդյունավետությունը՝ 10-15%

Ըստ այս մեթոդի՝ փորձ է արվում արդեն իսկ հեշտոցում գտնվող սպերմատոզոիդները սպանել տարբեր քիմիական նյութերով: Իրականում դրանք չեն կարող պաշտպանել հղիությունից, քանի որ սպերմատոզոիդներն աննախադեպ արագաշարժ են, չափազանց շատ են եւ կարողանում են թաքնվել արգանդի վզիկի լորձաթաղանթի ծալքերում՝ անհասանելի դառնալով քիմիական նյութերի համար: Այս անհուսալիությանն ավելանում է նաեւ հեշտոցի վրա այդ նյութերի բացասական ազդեցությունը՝ միկրոֆլորայի բալանսի խախտում, սնկային հիվանդություններ եւ այլն: Եզրակացությունները, կարծում եմ, պարզ են:

5.Պահպանակ. արդյունավետությունը՝ 90-95%

Պահպանակի օգտագործումը մեխանիկորեն խոչընդոտում է սերմնանյութի ներթափանցումը հեշտոց: Այս մեթոդն արդյունավետ չէ միայն պահպանակի վնասվելու դեպքում: Ընդ որում, այդ վնասվածքը կարող է այնքան փոքր լինել, որ բառացիորեն աննկատ մնա: Վնասվելու ռիսկը փոքրացնելու համար պետք է կանոններին հետեւել.

-չի կարելի ոլորել-բացել պահպանակը մինչեւ սեռօրգանին հագցնելը,

-չի կարելի որեւէ կերպ ստուգել դրա ամբողջականությունը, օրինակ՝ մեջը ջուր լցնելով կամ այն փչելով, քանզի դա մեծացնում է վնասվելու հավանականությունը,

-չի կարելի պահպանակի հետ յուղային հիմքով քսուքներ օգտագործել, քանզի դրանք նվազեցնում են լատեքսի ամրությունը,

-անհրաժեշտ է հստակ հետեւել պահպանակի օգտագործման ցուցումներին:

Եվ ամենակարեւորը՝ պետք է ստուգել պահպանման ժամկետը:

6. Հեշտոցային թաղանթ. արդյունավետությունը՝ 90-95%

Սա պահպանակի իգական տարբերակն է: Այն նույնպես լատեքսային է: Օգտագործումից առաջ պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ արդյունավետությունն ուղղակիորեն կախված է հեշտոցին ու արգանդի վզիկին համապատասխան ընտրված ճիշտ չափսից: Թաղանթը պահպանակի պես մեխանիկական խոչընդոտ է սպերմատոզոիդների համար, բայց չի պաշտպանում սեռավարակներից: Թերություններից է նաեւ տեղադրման բարդությունը:

7. Ներարգանդային պարույր. արդյունավետությունը՝ 90-92%

Մեթոդը հետեւյալն է. պարույրի ոտիկը պարունակում է պղինձ, որն արգանդում ստեղծում է միջավայր, որտեղ սպերմատոզոիդն ու ձվաբջիջը չեն կարող գոյատեւել: Նշենք դրական կողմերը.

-պարույրը սկսում է գործել տեղադրելուց անմիջապես հետո, չի պահանջում պաշտպանության լրացուցիչ մեթոդներ,

-այն ենթադրում է երկարաժամկետ կիրառում՝ մինչեւ 6 տարի,

-բեղմնավորման հնարավորությունը վերականգնվում է պարույրը հեռացնելուց անմիջապես հետո:

Բացասական կողմերն ավելի շատ են.

-արգանդում օտար մարմնի առկայությունը բաց դարպաս է վարակների համար,

-այս մեթոդի դեպքում անհրաժեշտ են պարբերաբար(նվազագույնը կես տարին մեկ) ստուգումներ գինեկոլոգի մոտ,

-պարույրի առկայությունը կարող է ավելի առատ դարձնել մենստրուալ արտադրությունը ու ցավոտ դարձնել ցիկլը,

-չի պաշտպանում սեռավարակներից,

-ցանկալի չէ չծննդաբերած կանանց համար,

-կան հակացուցումներ, օրինակ՝ կամայական սեռական ինֆեկցիայի առկայությունը,

-բարձր է արտարգանդային հղիության հավանականությունը պարույրը հեռացնելուց հետո:

8. Հորմոնալ ներարգանդային պարույր. արդյունավետությունը՝ 90-97%

Սա նախորդից տարբերվում է լեւոնորգեստրել հորմոնի պարունակությամբ, որը բարձրացնում է արդյունավետությունը՝ համեմատած սովորական պարույրի հետ: Բացասական ու դրական կողմերը նույնն են: Միայն թե հորմոնալ պարույրի հեռացումից հետո հղիանալու ունակությունը վերականգնվում է ոչ թե անմիջապես, այլ կեսից մեկ տարվա ընթացքում:

9. Հորմոնալ հաբեր (օրալ հակաբեղմնավորիչներ). արդյունավետությունը՝ 96,5-97%

Այս մեթոդը բավական երիտասարդ է, բայց հեղափոխական նշանակություն ունի հղիությունից պաշտպանվելու խնդրում: Մեթոդի էությունը օվուլյացիայի կանխարգելումն է, այսինքն հաբերը թույլ չեն տալիս ձվաբջջին դուրս գալ ձվարանից: Իսկ եթե սպերմատոզոիդների տեսադաշտում չկա ձվաբջիջ, ուրեմն չկա նաեւ բեղմնավորում: Ճիշտ ընտրության դեպքում հորմոնալ հաբերի արդյունավետությունը մոտենում է 100%-ի՝ իհարկե, չպաշտպանելով սեռավարակներից: Չմոռանանք հիմնական կանոնները.

-օրալ հակաբեղմնավորիչ հաբերն ընտրել է պետք գինեկոլոգի խորհրդատվությամբ,

-հաբերը պետք է ընդունել հստակ ըստ ցուցումների, միշտ օրվա միեւնույն ժամին,

-առաջին ամսում ընթանում է հաբերի նկատմամբ ադապտացիան, եւ հակաբեղմնավորումը լիարժեք չէ, հետեւաբար, լրացուցիչ պաշտպանություն է պետք,

-որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ ցավազրկողներ, հակաբիոտիկներ, կարող են նվազեցնել հորմոնալ հաբերի արդյունավետությունը, կրկին լրացուցիչ պաշտպանություն է պետք:

10. Հորմոնալ ներարկումներ. արդյունավետությունը՝ 96,5-97%

Մեթոդը հետեւյալ կերպ է կիրառվում. օրգանիզմ է ներարկվում լեւոնորգեստրել հորմոնը, որը պահպանվում է արյան մեջ 2-3 ամիս շարունակ՝ խոչընդոտելով հղիությանը: Առաջին ներարկումից հետո 20-30 օր ազդեցությունը լիակատար չէ, լրացուցիչ պաշտպանություն է պետք: Բացասական կողմն այն է, որ ներարկումները խաթարում են ձվարանների ֆունկցիոնալությունը, ցուցված են միայն ծննդաբերած կանանց: Մեթոդն ընտրելիս պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

11. Հորմոնալ իմպլանտներ. արդյունավետությունը՝ 99-99,8%

Սա որոշակիորեն նման է ներարկումներին: Օրգանիզմ է ներմուծվում իմպլանտային պարկուճը, որն արյան մեջ ապահովում է հակաբեղմնավորիչ հորմոնի առկայությունը 5 տարի շարունակ: Ցուցված է միայն ծննդաբերած կանանց, քանզի ձվարանների վրա խաթարիչ ազդեցությունը բավականին ինտենսիվ է: Որոշ երիտասարդ աղջիկների մոտ բեղունությունը կարող է չվերականգնվել: Իմպլանտը տեղադրվում է մաշկի տակ՝ ուսի, ազդրի ներսի կամ որովայնի ստորին հատվածի շրջանում՝ ըստ ցանկության:

12. Հակաբեղմնավորիչ հորմոնալ սպեղանի Evra. արդյունավետությունը 99,4%

Սա էլ ավելի երկարաժամկետ մեթոդ է: Սպեղանին (пластырь) փակցվում է մաշկին, ուղիղ շաբաթը մեկ այն պետք է փոխել: Այս մեթոդը նույնպես արյան մեջ հակաբեղմնավորիչ հորմոնի անհրաժեշտ չափաբաժին է ապահովում՝ կանխարգելելով օվուլյացիան: Սպեղանին օգտագործման համար շատ հարմար է. այն ամուր փակցվում է հետույքի, որովայնի, թիակի կամ ուսի մաշկին, չի պոկվում ջրից, չի վնասվում արեւի շողերից: Սակայն այն ունի մի շարք հակացուցումներ, որոնք պետք է քննարկել գինեկոլոգի հետ:

13. Բժշկական ստերիլիզացիա. արդյունավետությունը՝ 99,8-99,9%

Սա հակաբեղմնավորման ծայրահեղ մեթոդ է, թույլատրելի միայն այն կանանց, ովքեր 100%-ով վստահ են, որ էլ երբեք չեն ուզում երեխա ունենալ: Ըստ մեթոդի՝ հատվում են արգանդի երկու փողերը, որն անհնար է դարձնում ձվաբջջի ու սպերմատոզոիդի հանդիպումը: Այս գործողությունից հետո բեղմնավորման ֆունկցիան անհնար է վերականգնել: Ստերիլիզացիայի մի քանի տարբերակ կա.

-սովորական վիրաբուժական վիրահատություն՝ որովայնի հատմամբ, հազվադեպ է կիրառվում, քանզի հետվիրահատական շրջանը երկարատեւ է,

-լապարոսկոպիկ վիրահատություն՝ առանց հատման, որովայնի դիմային հատվածում արված անցքի ու օպտիկական սարքերի միջոցով, սա շատ ավելի անվնաս է,

-կուլդոսկոպիկ վիրահատություն՝ հեշտոցի հետին պատին արվող անցքի միջոցով, որը շատ առաջադեմ մեթոդ է, բարդությունները՝ նվազագույն, սպիեր առհասարակ չեն մնում:

Ստերիլիզացիայից կարող են օգտվել նաեւ տղամարդիկ: Տեղային անզգայացման տակ վիրահատական միջամտությամբ կապվում են սերմնատար անոթները, ինչի արդյունքում սպերմատոզոիդները ամորձիներից չեն կարողանում դուրս գալ:

14. Հրատապ հակաբեղմնավորում սեռական ակտից հետո. արդյունավետությունն ապահովվում է միայն կանոնավոր մենստրուալ ցիկլի դեպքում

Սա կոչվում է նաեւ հետկոիտալ կամ վթարային հակաբեղմնավորում: Կիրառվում է սեռական ակտից անմիջապես հետո՝ 1-3 օրվա ընթացքում: Այս մեթոդով դանդաղեցվում է օվուլյացիան, խախտվում է ձվազատման ընթացքը եւ(կամ) փոփոխվում արգանդի լորձաթաղանթի կառուցվածքը: Ամենատարածված ու ապահով տարբերակը ներկայում այնպիսի պրեպարատի մեկանգամյա ընդունումն է, որը 1,5 մգ լեւոնորգեստրել է պարունակում: Այս մեթոդին կարելի է դիմել անպաշտպան սեռական ակտի (այդ թվում՝ բռնաբարության), պահպանակի վնասվելու, հորմոնալ հաբերի ընդունումը բաց թողնելու, ներարգանդային պարույրի դուրս ընկնելու եւ այլ պատահական իրավիճակների դեպքում, որոնք կարող են անցանկալի հղիության բերել: Պետք է հիշել, որ այս մեթոդը կանխարգելում է բեղմնավորումը, չի կարող ազդել արդեն հաստատված հղիության վրա եւ ոչ թե պլանային, այլ հրատապ մեթոդ է: Հաճախակի կիրառման դեպքում կարող է մենստրուալ ցիկլի խանգարման բերել:

Այսքանից կամայական մեկն ընտրելու իրավունքը ձերն է: Սրանցից յուրաքանչյուրն էլ աբորտից շատ ավելի լավ ելք է: Զբաղվե՛ք սեքսով, եղե՛ք տեղեկացված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular