ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խ.Ավետիսյանին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց «Հայոց հովիկ» համերգով

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայոց հովիկ» խորագիրը կրող համերգային երեկոն, որի ընթացքում հնչեցին անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Խաչատուր Ավետիսյանի երգերից: 

Ելույթ ունեցան Լուսինե Ազարյանը (սոպրանո), Պողոս Եղիազարը (տենոր), Նունե Մելիք-Վրդանեսյանը (դաշնամուր): Երեկոն այնքան մտերմիկ ու ջերմ ընթացք ունեցավ, որ բեմ բարձրացան Խաչատուր Ավետիսյանի որդի՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, և երգիչ Արթուր Իսպիրյանը, ովքեր իրենց գեղեցիկ կատարումներով էլ ավելի գեղեցկացրին երեկոն…

- Այս երեք օրերի ընթացքում տեղի ունեցան հիանալի միջոցառումներ՝ նվիրված Խաչատուր Ավետիսյանին: Առաջինը մեր տարեդարձի մեծ համերգն էր, երկրորդը կոմպոզիտորի անձնական իրերի ցուցահանդեսի բացումն էր, իսկ երրորդն այսօր է՝ ավետիսյանական երգերով ջերմ համերգային երեկոն:

Այս ամենը չէր լինի, եթե Լուսինե Ազարյանը չգար ու չասեր. «Ես դա կանեմ…»: Շնորհակալություն Լուսինեին` այս ամենը կազմակերպելու համար, շնորհակալություն Պողոս Եղիազարին և «Փարոս» երգչախմբին` մեր կողքին լինելու համար, շնորհակալություն Միքայել Ավետիսյանին` մեր հրավերը չմերժելու և այստեղ գտնվելու համար: Սրանք օրեր են, որոնք  երբեք չեն մոռացվի:

Փա՛ռք Տիրոջը, որ մենք ունեցանք այս հեքիաթային օրերը,- ելույթով հանդես եկավ միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Համերգի վերջում իր երախտագիտության խոսքն ուղղեց նաև մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, ով ներկայումս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ինչպես նաև «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենը:

- Հուզված եմ, որովհետև բավական շատ ժամանակ է անցել, ոչ թե նրանից, որ հայրս չկա, այլ, որ այս երգերը 50-60 տարի առաջ են գրվել և որ դրանց առաջին կատարողներն այլևս մեզ հետ չեն: Ուրախ եմ, որ սերնդափոխությունից հետո այդ ստեղծագործությունները շարունակում են հնչել, և նոր կատարողները ներքին ապրումով, ներքին փայփայանքով ու սիրով են ներկայացնում դրանք: 
Ե՛վ ուրախ եմ, և՛ հուզված եմ... 

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպեցին իմ Հայաստան գալն ու այս միջոցառումների շարքը՝ Լուսինե Ազարյանին, Նարեկ Հարությունյանին և Պողոս Եղիազարին. եթե նրանք չլինեին, ես այստեղ չէի լինի: 
Շատ գեղեցիկ հիշողություններով լցվեց հոգիս,- երեկոն եզրափակեց Միքայել Ավետիսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular