ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի հարցում նոր ծրագիր կա. պաշտոնական Երևանը աշխատում է դրա ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 27-ից ապրիլի 2-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու Միջուկային անվտանգության գագաթնաժողովը: Մասնակցելու են 52 պետությունների ղեկավարներ:

Սերժ Սարգսյանը նույնպես մեկնելու է ԱՄՆ այս գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այնտեղ է լինելու նաեւ Իլհամ Ալիեւը: ՀՀ նախագահի աշխատակազմը առայժմ չի հայտարարել Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին: Սակայն ինքը՝ Սարգսյանը, օրեր առաջ Կիպրոսի համալսարանում ունեցած ելույթում ասաց, որ առաջիկա օրերին պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Վաշինգտոն: Պաշտոնապես որեւէ խոսք չի ասվել նաեւ այն մասին, թե արդյոք Վաշինգտոնում կկազմակերպվի՞ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Հիշեցնենք, որ 2014 թվականին Հաագայում Միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովի ժամանակ Սարգսյանն ու Ալիեւը ոտքի վրա մի քանի բառ էին փոխանակել, թեեւ այն ժամանակ սպասվում էր, որ նրանք կնստեն բանակցային սեղանի շուրջ: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերում գրառում էր արել, որ հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն կա: Երեկվա դրությամբ Ուորլիքը որեւէ թվիթ չէր արել ոչ Վաշինգտոնում Սարգսյան-Ալիեւ կամ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումների, ոչ էլ առհասարակ ԼՂ բանակցային գործընթացի մասին:

Եվ այնուամենայնիվ, ընդհանուր ֆոն է ստեղծվել, որը չի բացառում Վաշինգտոնում ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նման լավատեսական կանխատեսումներ են անում հայ վերլուծաբանները: Դիվանագիտական մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ պաշտոնական Երեւանը բոլորովին այլ օրակարգ ունի ԼՂ հարցում եւ արդեն բավական երկար ժամանակ է, աշխատում է այդ ուղղությամբ: Ըստ մեր աղբյուրնների, Ղարաբաղի հարցով բանակցություններ, որպես այդպիսիք, չեն տարվում, քանի որ բանակցային սեղանին գոյություն չունի որեւէ փաստաթուղթ, որի շուրջ կողմերը մտքեր փոխանակեն, փորձեն համաձայնության գալ կամ չգալ: Իսկ առանց բանակցությունների առարկայի բանակցություն չի լինում: Բարձր մակարդակի հատուկենտ հանդիպումների ժամանակ էլ ավելի շատ վեճի առարկան այն է, թե հակամարտության տարբեր ժամանակների փաստաթղթերից որը պետք է դրվի բանակցային սեղանին:

Մյուս կողմից, ինչպես հայտնի է, մի քանի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ երեք կոնկրետ քայլ: Դրանք են՝ շփման գծից դիպուկահարների հեռացման մասին բոլոր կողմերի համաձայնություն, հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտող ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայում, հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու նպատակով շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղակայում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Երեւանը ներկա փուլում ավելի կարեւորում է այս առաջարկները, քան ԼՂ հարցով բուն բանակցությունները, որոնք, միեւնույն է, արդեն տարիներ շարունակ անպտուղ են, անկախ նրանից՝ տարին մեկ անգամ են տեղի ունենում, թե մի քանի: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը այս ամսվա սկզբին տեղեկացրել էր, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են Բարաք Օբամային՝ խնդրելով, որ Բարաք Օբաման իր հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա վերոնշյալ առաջարկն ընդունելու նպատակով: Ըստ մեր աղբյուրների, այժմ բոլոր ռեսուրսները կենտրոնացել են նրա վրա, որպեսզի Ալիեւի այս այցի ընթացքում նշված հարցում որեւէ արդյունք գրանցվի: Առաջարկությունը շրջանառության մեջ է այս տարվա սկզբից, սակայն համարվում է, որ այժմ, երբ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման փուլում են գտնվում, ԱՄՆ նախագահի համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել՝ առաջարկությունն առաջ մղելու համար: Բացի այդ, Օբամայի նախագահական ժամկետի ավարտին շատ ժամանակ չի մնացել, եւ եթե նա կարողանա որեւէ, թեկուզ չնչին, բայց շոշափելի արդյունքի հասնել Ղարաբաղի հարցում, դա ոչ միայն ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, այլեւ անձամբ Օբամայի մեծ ձեռքբերումը կլինի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ծրագիրը համաձայնեցված է նաեւ ԵԱՀԿ մյուս երկու համանախագահ երկրների ղեկավարների`Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի հետ, որոնք դրա դեմ ոչինչ չունեն: Բոլորն են հասկանում, որ կոնգրեսականների առաջարկները կյանքի կոչվելու դեպքում չեն որոշի ԼՂ հակամարտության ելքը, սակայն գործնական քայլ կլինեն եւ ի վերջո կծառայեն շփման գծում կայունության որոշակի պահպանմանը: Իսկ այստեղ իրավիճակի թեժացում որեւէ մեկին ձեռնտու չէ հիմա:

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը մեծ դժվարությամբ կազմակերպվեց 2015-ի դեկտեմբերին, Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: Դրանից հետո նույնիսկ արտգործնախարարների մակարդակով հանդիպում չի կազմակերպվել: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ առանձին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ չեն կարողացել հանդիպել: Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 12-13-ին Մյունխենում Միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովի ժամանակ Մամեդյարովը հրաժարվեց Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից: Նրանց հետ հանդիպեց միայն Հայաստանի ԱԳ նախարարը: Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ առաջիկայում Էդուարդ Նալբանդյանի օրակարգում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ: Իսկ որպեսզի Վաշինգտոնում Սարգսյան-Ալիեւ բանակցություններ տեղի ունենան, դա պետք է նախապատրաստվի նախարարների մակարդակով: Բայց քանի որ նման բան տեղի չի ունեցել, Վաշինգտոնում այս անգամ եւս երկու երկրների ղեկավարները կարող են առավելագույնը ոտքի վրա երկու խոսք փոխանակել: Սակայն դա հիմա որեւէ մեկին չի էլ հուզում, որովհետեւ, ինչպես նշեցինք, ուշադրության կենտրոնում ոչ թե Սարգսյան-Ալիեւ, այլ Օբամա-Ալիեւ զրույցն է:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular