ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրամը կտրուկ արժևորվել է. ինչո՞ւ վախվորած ես, Կենտրոնական բանկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանի ֆինանսական շուկան կրկին ցնցվում է: Ընդամենը մի քանի օրերի ընթացքում մեկ դոլարի գինը երեւանյան փոխանակման կետերում նվազել է մոտ 6 դրամով:

Երեկ «չենջերում» մեկ դոլարը գնվում էր 477 դրամով եւ վաճառվում 479-480 դրամով: Եվ դա այն դեպքում, երբ մի քանի օր առաջ դոլարի գինը մոտ էր 490 դրամի: Դրամի կտրուկ արժեւորումը նույնքան վատ է անդրադառնում տնտեսության վրա, որքան կտրուկ արժեզրկումները: Այլ կերպ ասած, ամենալավ վիճակը ազգային արժույթի կայունությունն է` երբ ցնցումներ չկան ոչ դեպի արժեզրկում, ոչ էլ դեպի արժեւորում:

Իհարկե, դրամի` այս օրերին արձանագրվող արժեւորումը ունի իր բացատրությունը: Դա հիմնականում պայմանավորված է իսլամական աշխարհում տոնվող Նովրուզով, եւ բազմահազար իրանցի զբոսաշրջիկներ ամեն տարի այս օրերին իրենց հանգիստն են անցկացնում մեր երկրում: Նրանք բերում են որոշակի քանակությամբ արտարժույթ` դոլար ու եվրո եւ ծախսումներ անում այստեղ: Սա հագեցնում է մեր շուկան արտարժույթով, ինչն էլ բերում է դրա արժեզրկմանը մեր շուկայում:

Այսինքն, ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել, եւ դրամի փոխարժեքի կայունության համար պատասխանատու մարմնի` ՀՀ կենտրոնական բանկի համար ոչ մի անակնկալ լինել չէր կարող: Բնականաբար, պետք էր սպասել, որ Կենտրոնական բանկը իր ունեցած գործիքներով անմիջապես կմիջամտեր եւ կհարթեր դրամի փոխարժեքի նման ցատկերը: Բայց ինչպես երեւում է ԿԲ-ի կողմից ամեն օր հրապարակվող տեղեկատվությունից, ԿԲ-ն մասնավորապես երեկ նույնիսկ փորձ էլ չի արել կանխել դրամի կտրուկ արժեւորումը:

Ինչ կարող էր անել ԿԲ-ն: Նման իրավիճակում ԿԲ-ն կարող էր օգտագործել իր ամենահզոր ու արագագործ գործիքը` ինտերվենցիան: Տրամաբանությունը հուշում է, որ ԿԲ-ն պետք է անմիջապես շուկայից «հավաքեր» ավելցուկ արտարժույթը եւ տեղը դրամ «լցներ»: Այսինքն գներ շուկայում ի հայտ եկած դոլարի ավելցուկը: Սակայն նման բան Կենտրոնական բանկը չի արել, թողնելով, որպեսզի դրամը կտրուկ արժեւորվի:

Սա հատուկ չէ մեր ԿԲ-ին: Օրինակ, երբ դրամը դրսեւորում է արժեզրկման միտումներ, ապա Կենտրոնական բանկը անմիջապես հսկայածավալ արտարժութային ինտերվենցիաներ է անում, «հավաքում է» շուկայում առկա դրամի ավելցուկը եւ տեղը լցնում դոլար: Ընդ որում, այդ դոլարը ԿԲ-ն վերցնում է մեր արտաքին պահուստներից: Իսկ հիմա կա հրաշալի հնարավորություն հակառակն անելու` դրամը «լցնել» եւ «հավաքել» դոլար, որը, ի դեպ, ուղղվում է մեր արտաքին պահուստների համալրմանը: Այսինքն, օգտվելով առիթից, ԿԲ-ն կարող է դրամի կայունությունը ապահովելով՝ նաեւ լրացնել մեր արտաքին պահուստները:

Եթե Կենտրոնական բանկը չի գնում այս քայլին, ապա նշանակում է, որ վերջինս իր առաջ նպատակ է դրել ամեն գնով արժեւորել դրամը: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է նայել ԿԲ-ի` վերջին շրջանում որդեգրած դրամավարկային քաղաքականությանը: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք այդ քաղաքականությունը, ապա այն կարելի է գնահատել վախվորած: Օրինակ, չնայած Հայաստանում արդեն ամիսներ շարունակ պաշտոնապես արձանագրվում է չափազանց ցածր գնաճ, ԿԲ-ն ոչ մի կերպ չի անում այնպիսի քայլեր, որոնց շնորհիվ կնվազեին բանկերի կողմից տնտեսությանը եւ սպառողներին տրվող վարկերի տոկոսադրույքները: Դա կաշխուժացներ տնտեսությունը առանց էական գնաճի վտանգներ ստեղծելու: Դրա համար ԿԲ-ն պետք է էականորեն նվազեցներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը, սակայն, համառորեն չի անում:

Այս տարվա փետրվարի 16-ին ԿԲ-ն ձեռքի տակ ունենալով գների նվազման պատկերը, իր մեջ համարձակություն գտավ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել ընդամենը 0.25 տոկոսով: Սիմվոլիկ նվազում, որը գրեթե ազդեցություն չունեցավ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների վրա: Դրանք առաջվա պես չափազանց բարձր են` միջինը 11-14 տոկոս, իսկ սպառողական վարկերի տոկոսադրույքը կայուն 24 տոկոս է: Ու եթե համաձայնենք, որ վարկերը տնտեսության համար թթվածին են, ապա ակնհայտ է, որ նման տոկոսադրույքներով այդ «թթվածնից» տնտեսությունը շատ ավելի քիչ է շնչում, քան կարող էր պոտենցիալ «թթվածնառատ» այս իրավիճակում:

Մի քանի օրից` մարտի 29-ին Կենտրոնական բանկը կրկին քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը: ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ այս տարվա փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 1.7 տոկոս գնանկում: Այնինչ դրամավարկային քաղաքականությունը ծրագրավորելիս հաշվի է առնվում մոտ 5 տոկոս գնաճի սցենար: Այսինքն, գները ծրագրայինից մոտ 7 տոկոսով ցածր են: Եթե մի փոքր խտացնենք գույները, ապա կարող ենք պնդել, որ ԿԲ-ն նման իրավիճակում հնարավորություն ունի սահմանել վերաֆինանսավորման զրոյական տոկոսադրույք, այսինքն անտոկոս փող տա բանկերին, ու վերջիններս էլ շատ ցածր տոկոսադրույքով այն տրամադրեն բիզնեսին:

Ու ԿԲ-ի հենց այս պահվածքն է, որ կարելի է որակել որպես «վախվորած»: Այս ֆոնին կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչու է ԿԲ-ն գնում դրամի արժեւորմանը: Երեւի թե ԿԲ-ն ավելի վատ օրեր է սպասում եւ դրամի արժեւորմամբ ու վերաֆինանսավորման տոկոսադրույքի չնվազեցմամբ իր համար «անվտանգության բարձիկ» է ստեղծում: Մյուս կողմից, սակայն, որքան «վախվորած» լինի ԿԲ-ի պահվածքը, այնքան ավելի թույլ կլինի տնտեսությունը եւ այնքան ավելի շատ կզգացվի «անվտանգության բարձիկների» կարիք: Սա փակ շղթա է ԿԲ-ի համար:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular