Սարոյի առաջին մենահամերգը և հայտնի հյուրերը (65 Photo)
ՖՈՏՈBlogNews.am-ը գրում է.
Աշնանային երաժշտական ամենավառ ու գունեղ իրադարձություններից մեկն արդեն պատմություն է: Երեկ Սարո Թովմասյանը պարզապես պայթեցրեց Մարզահամերգային համալիրի բեմը: Շքեղ մենահամերգ, կենդանի հնչողություն, լուսային ու ձայնային խելահեղ շոու: Երգչի՝ «Սրտիս N1» խորագրով առաջին մեծ մենահամերգին ներկա է եղել նաև BlogNews.am-ը: Ներկայացնում ենք երեկոյի ուշագրավ դրվագներն ու հայտնի հյուրերին:
«Սրտիս համար N1». երգ, որի հենց առաջին հնչյուններից լեփ-լեցուն դահլիճը միանգամից կլանվեց: Սարոն վստահ ու առանց ավելորդ հուզմունքի տվեց համերգի մեկնարկը: Հետո հաջորդեցին երգչի հիթային կատարումները, որոնց ընթացքում հույզերի ու զգացմունքների իսկական հեղեղ էր դահլիճում:
Լիրիկական կատարումներից հետո հանդիսատեսը միանգամից ակտիվանում էր, երբ լսվում էր ռիթմիկ երաժշտություն և ուրախ պարեղանակ: Շուրջ 2 ժամ տևած համերգի ընթացքում Սարոն կատարեց ավելի քան 3 տասնյակ երգ, որոնց մի մասն առաջին անգամ էր հնչում ու հենց Մարզահամերգայինի բեմից:
Երգիչը չմոռացավ նաև մոր ու կնոջ մասին, ովքեր հանդիսատեսի շարքում էին: 2 գեղեցիկ կատարում նվիրեց մորը, իսկ մեկը կնոջը՝ Տաթևին, նրան շնորհակալություն հայտեց իր կյանքի միակին՝ Վիկային, պարգևելու համար:
Համերգն աննախադեպ էր նաև իր կազմակերպչական ծավալով, օգտագործվված տեխնիկական միջոցների բազմազանությամբ ու մասշտաբով:
Հատուկ երեկոյի համար կառուցվել էր դեկոր, օգտագործվել էին 300-ից ավելի լուսային սարքավորումներ՝ բոլորովին նոր շարվածքով, 330 քմ լեդ էկրաններ, որոնք իրենց մանրությամբ, քանակով ու կետայնությամբ մեկ դահլիճում Հայաստանում դեռ չէին օգտագործվել:
Երեկոյի հատուկ հյուրերն էին հայկական շոու-բիզնեսի կնքահայր Արթուր Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը և դիջեյ Սմոքը:
Համերգի պրոդյուսերն ու բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն էր: Համերգն իրականություն էր դարձել 320 մարդու նվիրված աշխատանքի արդյունքում, ովքեր շուրջ մեկ տարի զբաղվել են կազմակերպչական ու այլ մանրամասներով: Ընդհանուր միջոցառմանը մասնակցեցին 40 երաժիշտ, «Swag dance» պարային խումբը:
Դատելով երկրպագուների արձագանքից՝ համերգը տպավորիչ էր ու ստացված, որը դեռ երկար կհիշվի:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի