ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏՏ տեսակի ատրճանակով եմ կրակել. Նորագավիթում սպանության մանրամասները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու սպանության համար: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն:

2017թ. հոկտեմբերի 3-ին որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Նորագավիթի բնակիչ Ս.Ավագյանը՝ ծնված 1969 թ., ով հոկտեմբերի 4-ի առավոտյան, առանց գիտակցության գալու, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա առնչությունը տուժողի հետ, սպանության շարժառիթը։ 

Նախնական քննության տվյալներով՝ Երեւանի 46-ամյա բնակիչը Ս.Ավագյանի ուղղությամբ կրակել եւ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք է պատճառել իր ավտոմեքենայի միջից։ Կատարված խուզարկությամբ նրան պատկանող «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի պարկուճ։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ եւ նշանակվել փորձաքննություններ։

46-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի  ընթացքում նա ներկայացրել է մեկ հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ, որի պահունակի մեջ գտնվել է 5 փամփուշտ, եւ հայտարարել, որ նշված ատրճանակով է կրակել տուժողի ուղղությամբ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 3-ի երեկոյան կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի 8-րդ փողոցում: Կրակել են 48-ամյա տղամարդու վրա, որը մարմնի տարբեր մասերում հրազենյաին վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է:

Մեզ հասած տեղեկություններով, Սամվել Ավագյանն իրենց բակում նստած է եղել, երբ մեքենայով մոտեցել են անհայտ անձինք եւ կրակել նրա վրա: Իրավապահները դեռ չեն հայտնաբերել կրակողներին:

Սամվել Ավագյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Ուշագրավ է, որ նա դուրս է եկել տան բակ՝ դիմավորելու որդուն, որը եկել էր Ռուսաստանից իրեն տեսակցելու: Մինչ որդու ժամանելը նրա վրա կրակել են, եւ նա չի հասցրել տեսնել որդուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular