Գեորգի Կուտոյանն առաջին լուրջ փորձությունը ձախողեց. ուժայինները փաստի առաջ են կանգնել. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունիում գտնվող Երեւանի ՊՊԾ գնդի շենքը գրավելու առիթով Սերժ Սարգսյանի նույն օրը եւեթ հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության եւ ԱԱԾ պետերն ու տեղակալները:
Ներկա չեն եղել քննչական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ գլխավոր դատախազը, որն այժմ արձակուրդում է, ըստ տեղեկությունների` երկրում չէ: Խորհրդակցության ժամանակ նախագահը, մեր տեղեկություններով, «շան լափ» է թափել ուժային ղեկավարների վրա, հատկապես՝ ԱԱԾ-ի:
Նա հարց է բարձրացրել, թե որտեղ է օպերատիվ հետախուզությունը, երբ իր քթի տակ մի քանի անձինք, չունենալով բարձր պատրաստվածություն եւ մեծ ռեսուրսներ, կարողացել են գրավել ոչ ավել, ոչ պակաս՝ ոստիկանության շենք:
Այն դեպքում, որ ընդամենը ամիսներ առաջ իրավապահները զինված հեղաշրջման պատրաստվող հանցախումբ են վնասազերծել, որի գործով անցնում է նաեւ ՀԽ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Սա, ըստ էության, ԱԱԾ երիտասարդ պետ Գեորգի Կուտոյանի առաջին «քննություն-փորձությունն» էր, որը նա ձախողեց:
Ասում են` ստեղծված իրավիճակը հատկապես ԱԱԾ երկարամյա նախկին պետ Գորիկ Հակոբյանի սրտով է, քանի որ նորանշանակ պետի նկատմամբ իր թերահավատությունն արդարացվեց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: