Իսպանիայի թագավորը Կատալոնիայի անկախանալն «անընդունելի» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը կրկին խստորեն քննադատել է Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալու պլանները՝ դա «անընդունելի» անվանելով։ Իսպանական Օվյեդո քաղաքում Աստուրիայի արքայադստեր անվան մրցանակների հանձնման արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ թագավորը վստահություն է հայտնել, որ Մադրիդին կհաջողվի կարգավորել Բարսելոնայի հետ կոնֆլիկտը՝ ժողովրդավարական ինստիտուտների օգնությամբ, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
«Կատալոնիան հանդիսանում է 21-րդ դարի Իսպանիայի մասը և այդպես էլ կմնա»,- վստահեցրել է նա։
Սա թագավորի երկրորդ հայտարարությունն է կատալոնյան ճգնաժամի վերաբերյալ։ Առաջին անգամ նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձով էր հանդես եկել հոկտեմբերի 3-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցած անկախության վերաբերյալ հանրաքվեի ժամանակ անկախությանը կողմ է քվեարկել կատալոնացիների ավելի քան 90 տոկոսը:
Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ կդիմի Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը չեղարկելու քայլին: Ինչպես հայտարարել է Իսպանիայի վարչապետի գրասենյակը, Իսպանիայի կառավարությունը կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը հոկտեմբերի 21-ին կայանալիք կառավարության արտահերթ նիստում:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ օրերս հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի միջև կոնֆլիկտին։