Թուրքական ինքնաթիռները Սիրիայի հյուսիսում թռուցիկներ են նետել՝ զգուշացնելով Աֆրինում սպասվող ռազմական գործողության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ԶՈՒ-ի ինքնաթիռները Սիրիայի հյուսիսում հազարավոր թռուցիկներ են նետել՝ տեղեկացնելով Աֆրինում սպասվող ռազմական գործողության մասին, գրում է gazetevatan.com կայքը:
Նշվում է, որ թռուցիկները բաժանվել են Աֆրինի Միննագ և Մարանազ շրջաններում:
Բացի այդ, հայտնի է, որ Թուրքիայի զինուժը Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաֆր Բասին գյուղում հատուկ ուսումնասիրություններ է անցկացնում՝ Սիրիայի տարածքում 2-րդ դիտորդական կետի ստեղծման նպատակով:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում ռազմական գործողության մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին շեշտել էր, որ Անկարան Իդլիբում իր գործողությունները համակարգում է Մոսկվայի հետ, դրանց նպատակը անվտանգության ապահովումն է:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։ Այս տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր գործողության ավարտի մասին։