ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունն ու հայտարարել են Իսպանիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, տեղեկացնում է korrespondent.net-ը: 

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Սպիտակ տունը վերահաստատում է միացյալ Իսպանիային աջակցությունը:

Գրեթե նույն հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նա նշել է, որ Ֆրանսիան չի ընդունում Կատալոնիայի ընդունած անկախության մասին հռչակագիրն ու պատրաստվում է երկխոսություն վարել միմիայն պաշտոնական Մադրիդի հետ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև իր անհանգստությունն է հայտնել Կատալոնիայում կատարվող իրադարձությունների առնչությամբ ու ցանկություն հայտնել տեսնել Իսպանիան ուժեղ ու միասնական:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն, իր հերթին, հատուկ հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին, իսկ կատալոնական անկախության հանրաքվեն անվանել է անօրինական:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերտը Twitter-ի միջոցով տարածած հայտարարության մեջ նշել է, որ Իսպանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մնում են անձեռնմխելի, իսկ Կատալոնիայի հանրաքվեն խախտում է այս սկզբունքը:


Նա նաև կոչ է արել կողմերին օգտագործել առկա բոլոր հնարավորությունները կառուցողական բանակցություններ վարելու համար: Գերմանիայի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ իրենք աջակցում են սահմանադրական կարգի վերականգնման հարցում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի դիրքորոշումը:

Կանադայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Էնդրյու Լելսին նշել է, որ իրենք կողմ են միացյալ Իսպանիային ու չեն ցանկանում միջամտել երկրի ներքին գործերին:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից:


Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն:

Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular