Ինչու է ուշանում Բենի, Շուշաննայի, Սարգսի մասնակցությամբ նոր սերիալի ցուցադրությունը
ՖՈՏՈՇուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դեւոյանը, Սարգիս Գրիգորյանը, Եվա Բաղդասարյանը, Օլյա Հակոբյանը եւ այլք նկարահանվում են «Կենտրոն» հեռուստաընկերության նոր՝ «Մոռացված կանգառը» սերիալում: Ռեժիսոր Վահե Սայանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ մեկնարկը կտրվի սեպտեմբերին, սակայն սերիալը դեռ չի ցուցադրվում: Թե ինչով է պայմանավորված ձգձգումը եւ արդյոք շարունակվում են նկարահանումները, պարզել ենք հենց ռեժիսորից:
«Սերիալը ժամանակին չցուցադրվեց, քանի որ մի շարք խնդիրներ առաջացան, որոնք, սակայն, արդեն լուծվել են: Բացի այդ, պրոդյուսերական թիմն է որոշում հեռարձակման օրը, ամիսը, ամսաթիվը: Ցանկացած նոր նախագիծ կոմերցիոն է, նախատեսված է վաճառքի համար, եւ պրոդյուսերն է որոշում, թե երբ վաճառել այն՝ ավելի լավ եկամուտ ունենալու համար»,-նշել է Վահեն:
Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ նկարահանումները շարունակվում են, դերասանական կազմում փոփոխություններ չկան.«Արդեն բավականաչափ նյութեր ունենք, շատ սերիաներ, սպասում ենք մեկնարկին»:
Հարցին՝ արդյոք ժամանակավրիպության խնդիր չեն ունենա, քանի որ եղանակը ցրտել է, իսկ իրենք նկարահանումներն իրականացրել են ամռանը, ռեժիսորը պատասխանել է.«Չեմ կարծում՝ խնդիրներ լինեն, քանի որ սցենարով ամեն բան նախատեսված է»: