Ռուսաստանը թույլ չի տվել Թուրքիայից ուղարկված 23 տոննա թռչնամսի մուտքը երկիր
ՖՈՏՈ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության («Россельхознадзор») որոշմամբ՝ Թուրքիայից ներմուծման համար նախատեսված 23 տոննա թռչնամիսն այդպես էլ մուտք չի գործել ՌԴ, այս մասին տեղեկանում ենք Sputnik-ի թուրքական ծառայությունից:
Վլադիվոստոկ ուղարկված թռչնամիսը համապատասխան ստուգման ենթարկվելուց հետո երկիր մուտք գործելու թույլտվություն չի ստացել, քանի որ չի համապատասխանել պահանջված նորմերին: Ըստ ռուսական կողմի՝ հավերին ներարկել են անթույլատրելի քանակությամբ հակաբիոտիկ:
Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ապրանքը հետ կուղարկվի մատակարար երկիր կամ էլ կոչնչացվի տեղում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Ռուսաստանից հետ էր ուղարկվել Թուրքիայից Նովոռոսիյսկի նավահանգիստ հասած 94 տոննա ծիրանը: Ստուգման ժամանակ մրգի խմբաքանակի մեջ հայտնաբերվել էր արևմտյան ծաղկային թրիպս կարանտինային օբյեկտը:
Ավելի վաղ Ռուսաստանը հետ՝ Թուրքիա էր ուղարկել մեծ քանակությամբ ելակ, նարինջ և այլ գյուղատնտեսական ապրանքներ: