«Երգչուհի չեմ դարձել նման վայրում աշխատելու համար». Անի Քրիստի.
ՖՈՏՈԱնի Քրիստին կրկին Երեւանում է: BRAVO.am-ին ամերիկաբնակ երգչուհին ասել է, որ հատուկ հրավերով է ժամանել հայրենիք. օրեր առաջ մասնակցել է Արամ Ավագյանի հեղինակային երգերի երեկոյին:
«Այն երջանիկ երգչուհիներից եմ, ում հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում ու դրական էներգիա փոխանցում: 8 տարվա դադարից հետո կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացա իմ հանդիսատեսին, ինչի համար շատ ուրախ եմ: Հուսով եմ` որքան ես իրենց, նույնքան էլ իրենք էին ինձ կարոտել»,- նշել է Անին, ով հին ու սիրված երգերից բացի, պրեմիերայով է ներկայացել:
Առաջիկայում երգչուհին մի շարք նորություններ է խոստանում իր երկրպագուներին. «Աշխատանքային առումով այցս գերծանրաբեռնված է: Տեղի մի շարք հեղինակների հետ նոր համագործակցություններ են սպասվում: Նոր երգերի գաղափարներ կան, որոնք պետք է կյանքի կոչվեն: Եթե ամեն բան հարթ ընթանա, նոր տեսահոլովակ նկարահանելու ցանկություն էլ ունեմ: Ինչպես նաեւ ակումբային մենահամերգով պետք է հանդես գամ: Օրն առաջիկա օրերին պարզ կլինի: Շատ եմ կարոտել իմ հայաստանյան հանդիսատեսին, ուզում եմ ամեն կերպ կարոտս առնել, բացի դա, մի շարք նոր երգեր ունեմ, որոնք կուզեմ նրանց ներկայացնել»:
Խոսելով ստեղծագործական կյանքի մասին՝ Անին ասել է.«Ես տեսակով այնպիսին եմ, որ իմ գործունեության հենց սկզբից էլ դադարներ շատ եմ ունեցել: Առաջիկա ամիսներն աշխատելու ու նորություններով ներկայանալու ամիսներ են: Դադարներն օգնում են նոր ստեղծագործությունների ծնվելուն: Ես չեմ կարող անընդհատ ու անորակ գործեր ներկայացնել»:
Նրա վստահեցմամբ` հետագայում էլ անդավաճան է մնալու իր ոճին.«Ես չեմ վախենում երկրպագուներ կորցնելուց: Երբ երգդ ու կատարումդ լավն են, նրանց թիվը հակառակը՝ աճում է: Չեմ կարող ու չեմ պատրաստվում ռեստորաններում երգել: Ես երգչուհի չեմ դարձել նման վայրերում աշխատելու համար: Թող ինձ ներեն բոլորը, բաց իմ մասնագիտությանն ավելի լուրջ եմ վերաբերվում: Առաջարկներ միշտ կան, բայց դա իմը չէ»:
Մինչ հունվարի 17-ն Անին վայելելու է Հայաստանը.«Երբ արտերկրում ես ապրում, այստեղի ամեն բանն ավելի ես սիրում ու արժեւորում: Քանի որ ժամանակս շատ է, որոշել եմ այս անգամ Երեւանից դուրս էլ շրջել, մեր գեղատեսիլ վայրերում լինել: Ուզում եմ վայելել այստեղ անցկացրածս ամեն մի օրը: Վրաստան էլ եմ գնալու. պապայիս արմատներն այնտեղից են: Պապիկ-տատիկիս շիրմին պետք է անպայման այցելեմ»:
Հայրենիքից երգչուհին նվերներով ծանրաբեռնված է հեռանալու.«Շատ-շատ եմ սիրում գնումներ անել: Բոլոր հարազատներիս ու ընկերներիս նվերներ եմ տանելու: Շատերն են Հայաստանից բերված իրերի սպասում, այդպես մեր երկրի կարոտն են առնում»: