Երևանի քաղաքապետը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ պարգևատրել է միության մի շարք անդամների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ հյուրընկալել է Միության մի շարք անդամների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով արվեստագետներին Միության հոբելյանի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի և երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանին, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանին, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Իրինա Զոլոտովային և կոմպոզիտոր Զոհրապ Փարեմուզյանին:
Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, անձնվեր և արդյունավետ գործունեության համար Հայաստանի կոմպոզիտորների միության «Երիտասարդական» հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը և «Մանկական և երգչախմբային» մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: