«Եթե չլինեին անվտանգության աշխատակիցները, մեզ կարող էին վնասել». Վարդան Սարգսյանը` վտանգավոր նկարահանումների մասին
ՖՈՏՈԱռաջին անգամ հայկական հեռուստանախագծերի պատմության մեջ լինելու է վտանգավոր և հետաքրքիր եթերաշրջան. այս ամենը՝ ATV հեռուստաընկերության «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում: Վարդան Սարգսյանը մեկնել է Աֆրիկա, որտեղ վտանգավոր պայմաններում ապրում է վայրի ցեղերի հետ: BlogNews.am-ը կապ է հաստատել Վարդանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իր ունեցած ամենավտանգավոր նկարահանումներին է:
«Մեր նկարահանող խմբի հետ գտնվում ենք Եթովպիայում և նկարահանում ենք վայրի ցեղերին: Ապրում ենք իրենց հետ, վրաններում, և բավականին վտանգավոր է։ Մեզ հետ անվտանգության աշխատակիցներ են լինում, քանի որ ցեղերը բավականին ագրեսիվ են և անկանխատեսելի: Հաղորդման ժամանակ լինելու են բացահայտումներ, թե ինչպես են ապրում այդ ցեղերը, քանի որ նրանք բավականին տարբեր են»,- պատմում է Վարդանը:
Նկարահանման ընթացքն առանց միջադեպի չի անցել։ Ինչպես Վարդանն է նշում, կոտրել են նրանց տեսախցիկը, բայց երկրորդ տեսախցիկով շարունակել են նկարահանումները: Այդ առիթով շատացրել են նաև անվտանգության աշխատակիցներին․ երկուսի փոխարեն հիմա չորսն են։
«Ցեղերից շատերը տարօրինակ ափսեներ են դնում իրենց բերանի մեջ: Օրինակ՝ նույն այդ ցեղերին նկարահանելու ժամանակ անվտանգության աշխատակիցները զենքերով պտտվում էին իմ հետևից, և եթե չլինեին նրանք, մեզ կարող էին վնասել: Նրանք զարգացած չեն, չգիտեն` ինչ է կատարվում, և ինչ ենք նկարում: Իրենց համար կարծես մենք լինենք վայրի ցեղեր, քանի որ շատ զարմացած նայում են, թե ինչ է կատարվում»,- եզրափակեց Վարդանը։
Ստեղծագործական խումբը հունվարի 27-ին վերադառնում է, իսկ փետրվարի առաջին կեսից նոր՝ աֆրիկյան եթերաշրջանը կլինի ATV-ի եթերում: