ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը Հայաստանում ջերմ ընդունելության արժանացավ

ՄՇԱԿՈՒՅԹ

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին Հայաստանում ընդունեցին առանձնակի ջերմությամբ: Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում մարտի 25-ին հարևան երկրում գործող թատրոնը հանդես եկավ «Սովորական պատմություն» ներկայացումով:
«Այս ներկայացումը մենք խաղացել ենք մեկ անգամ`Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ի միջի այլոց, հայկական թատրոնը 100 տարի Ռուսթավելու անվան թատրոնի բեմում չէր խաղացել»,- նշեց ներկայացման բեմադրության հեղինակ, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը` հատուկ շեշտելով, որ ներկայացման մեջ զբաղված է հատկապես թատրոնի երիտասարդությունը:
«Սովորական պատմություն» ներկայացումը բեմադրվել է ըստ ուկրաինացի դրամատուրգ Մարիա Լադոյի պիեսի: Ողբերգության գործող անձինք ինչպես մարդիկ են, այնպես էլ կենդանիները՝ ձին, կովը, աքլորը, շունը և խոզը: Ներկայացման մեջ ցույց է տրված կյանքը կենդանիների աչքերով, ինչը հանդիսատեսին հնարավորություն է տալիս այլ կերպ նայել սովորական հարցերին: Գործողությունը տեղի է ունենում մեր ժամանակներում: Ներկայացման բովանդակությունը սովորական է: Երիտասարդ տղան և աղջիկը սիրում են միմյանց, նրանք երեխա են ունենալու, սակայն նրանց ծնողների միջև թշնամու թյուն կա: Աղջկա հայրը պահանջում է, որպեսզի իր դուստրը ազատվի երեխայից: Զարմանքով են նայում կենդանիները իրենց տերերին, որովհետև իրենց բնությամբ կենդանիները մաքուր հոգի ունեն, նրանց համար խորթ է նախանձը, ագահությունը, դավաճանությունը: Կենդանիները որոշում են թույլ չտալ մարդկանց մեղք գործել, նրանք ուզում են փրկել երեխային և պատրաստ են դրա համար մեռնել:
Բեմադրության մեջ ներգրավված էին թատրոնի 10 դերասաններ: Ներկայացման ավարտին հանդիսատեսը ջերմ և հոտնկայս ծափահարություններով ճանապարհեց ստեղծագործական անձնակազմին:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերն անցկացվում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Թատրոնի երևանյան ելույթը տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում. «Սովորական պատմություն» ներկայացումը «Արտավազդ-2016» մրցանակի հավակնորդների թվում է միանգամից մի քանի անվանակարգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular