ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Մանուչարյան. «Կողոպուտով զբաղվողները պետք է հասկանան, որ վերջն է եկել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քայլերն առճակատումն ավելացնելու են
«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրականացնում է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը: Այն մեկնարկել է ապրիլի 16–ի վաղ առավոտից: Փակվեցին Երևան քաղաքի մի շարք փողոցներ, ակցիաներ եղան նաև Երևանի մետրոպոլիտենում: Աբովյան–Կորյուն, Հերացի–Կորյուն փողոցների և մի շարք այլ կենտրոնական փողոցների փակ լինելու պատճառով երթևեկությունը կաթվածահար է։ Նախաձեռնություններին մարզերից միանալու որոշումներ ևս կան: Ծրագրի հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելն է: 

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, past.am–ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին կատարվող իրադարձություններին, երկու հանգամանք առանձնացրեց:

«Կա պատճառը և կա արձագանքը: Ստեղծվածի պատճառն առաջացել է ու զարգացել մեր ողջ հանրապետության թալանի փիլիսոփայության մեջ: Իսկ այդ ամենի առաջին պատասխանատուները գործող իշխանություններն են, որոնք դրժեցին իրենց խոստումը: Սերժ Սարգսյանը հանդես եկավ որպես ուխտադրուժ: Նա խոստացավ, որ երբ Սահմանադրությունն ընդունվի, այլևս չի լինելու այդտեղ, բայց նա դրժեց իր խոստումը»,–ասաց Աշոտ Մանուչարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ երկրորդ պահն արձագանքն է:
«Շատերն ասում են՝ այս գործողությունները… այն գործողությունը… Մենք՝ ավագ սերունդը, մեր երիտասարդությանը որևիցե հնարավորություն չենք թողել, բացի մեկից. կամ նա պետք է հեռանար Հայաստանի Հանրապետությունից, կամ փորձեր անել այն, ինչ կարողանում է անել: Փա՛ռք Աստծո, հիմա այն, ինչ անում են, անում են առանց բռնության և առանց քաոս ստեղծելու, այսինքն՝ այդ պատասխանատվությունը զգում են: Եվ հիմա, այդուհանդերձ, կողոպուտով զբաղվողները պետք է հասկանան, որ վերջն է եկել: Պետք է հասկանան ու հետ կանգնեն՝ թույլ տան ձևավորել Հայաստանի իշխանությունը: Այդ կոչով վաղուց արդեն «Հոգևոր Հայաստանը» հանդես է գալիս: Դիմել է հայությանն ու ողջ աշխարհին. 100 տարի առաջ, երբ Հայաստանը ահավոր տկար վիճակում էր, հայությունը հավաքվեց և իր լավագույն ներկայացուցիչները ձևավորեցին Հայաստանի իշխանությունը, Հայաստանը հանեցին այդ վիճակից: Նույնը պետք է հիմա անել: Բոլոր տեղերում մարդիկ պատրաստ են դրան և երիտասարդների գործողություններին մեծ հույսով են նայում: Բայց երիտասարդությունը այլ կտրվածքով ևս պետք է պատասխանատու գործի: Երիտասարդությունը պետք է դիմի բոլորին ու ասի՝ եկե՛ք այս իշխանությունը ձևավորենք և այս ձևով հաղթահարենք ճգնաժամը: Սա է միակ ճանապարհը»:

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ երիտասարդները տեսնելու են, որ ուժ են, որ ի վիճակի են այդ հարցադրումներն ու պահանջները ներկայացնել: 
«Սա հարցի դրական մասն է: Բայց երկրորդ մասն էլ կա՝ պետք է իմանան, որ յուրաքանչյուր ուժ պետք է խելացի լինի, հոգին ու միտքը պետք է կամքի հետ աշխատի: Իսկ հոգին և միտքը սերունդների ամբողջության մեջ է, այնպես որ, այդ ամբողջականությունը պետք է ապահովվի: Բայց երիտասարդությունը մտավորականությանը չի կարող ուժով հանել տներից: Մտավորականությունն ինքը պետք է պատասխանատու լինի: Նրանք պետք է դուրս գան ու գործեն, քննարկումներ կազմակերպեն, բոլոր ուժերի հետ կոնտակտի մեջ լինեն: Ամբողջ հայության գործունեությունը պետք է համադրեն, որովհետև չի կարելի թողնել, որ միայն քաղաքական ուժերը լինեն առճակատման մեջ և իրար մեջ լուծեն խնդիրները, դա անթույլատրելի զարգացում է»,– ընդգծեց մեր զրուցակիցը: 

Իսկ թե ի՞նչ հանգուցալուծում է տեսնում, Աշոտ Մանուչարյանը նշեց. «Ցանկացած ճանապարհով էլ որ գնան՝ համառեն կամ ինչ–որ քայլեր անեն, միայն ավելացնելու են առճակատումը: Ես կուզենայի այդ հնարավոր զարգացումների մասին առաջին հերթին զգուշացնել գործող իշխանավորներին: Մինչև վերջ բացարձակ անպատասխանատու լինելն անթույլատրելի է»:

Աննա Բադալյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular