ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը միջամտեց. Մոսկվայում շոկի մեջ են Հայաստանի իրադարձություններից

ՎԻԴԵՈ

Մի քանի օր շարունակ Հայաստանի ներքին հարցերին չխառնվելու վերաբերյալ հավաստիացումներից հետո Պուտինը զանգել է Կարեն Կարապետյանին:

 

Կրեմլի կայքում եւ ՀՀ կառավարության կայքում տեղադրված է հետեւյալ հաղորդագրությունը. «Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»:

 

Այս ձեւակերպումն արդեն ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին իրավիճակին: Ճիշտ է, անորոշ է մնում, թե ով է ասել, սակայն Կրեմլի կայքում նման ձեւակերպման տեղադրումը հանում է այս հարցը: Միեւնույն ժամանակ, հաղորդագրության մեջ շեշտվում է ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրության արդյունքը, ինչը ուղիղ աջակցություն է ՀՀԿ-ի թեկնածուին:

 

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան է այցելել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Հետաքրքիր է, որ դրանից հետո ՀՀԿ-ն, որ մինչ այդ բավական անորոշ իրավիճակում էր, հստակեցրեց իր դիրքորոշումը. Կուսակցությունը քննարկելու է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը, որից հետո միաձայն քվեարկելու է:

Իր հերթին, Սերժ Սարգսյանը հավաքել է կուսակիցներին, նրանց հանգամանալից բացատրել, թե ինչու է հրաժարական տվել, ու փաստացի հայտարարել, որ թողնելու է կուսակցության ղեկավարի պաշտոնը:

 

Կարեն Կարապետյանն, իր հերթին, այս օրերին ակտիվ քննարկումներ ու հանդիպումներ էր անցկացնում: Մոսկվա էր մեկնել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարների հետ: Հատկանշական է, որ Պուտինի խոսնակը չէր հաստատել այդ լուրը: Բայց դրանից ժամեր անց տեղի է ունենում Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցը: Մոսկվա էր մեկնել նաեւ Էդվարդ Նալբանդյանը:

 

Այսօրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը չի խոսել այս հեռախոսազանգի մասին: Ընդհանրապես, 2 օր Հայաստանում ծավալվում էր հակահեղափոխությունը, եւ շարժման ակտիվիստները բաց թողեցին այդ պահը:

Հայկական թավշյա հեղափոխությունը մեծ արձագանք էր գտել Ռուսաստանում ու Արեւմուտքում: Իսկ Ռուսաստանում, դատելով ԶԼՄ-ների ու քաղաքական-փորձագիտական շրջանակների արձագանքներից, իսկական շոկ է եղել:

 

Հայերից թերեւս նման բան չէին սպասում, միեւնույն ժամանակ նկատելի էր մտահոգություն, որ հայկական շարժման անթերի տեխնոլոգիաները կարող են մտնել Ռուսաստան: Բացի այդ, անհանգստություն էր առաջացնում շարժման դրական արձագանքները Արեւմուտքում:

Բացի այդ, Պուտինը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանում, եւ դա երեւաց նրա խոսնակի վերջին օրերի արձագանքներից: Հայաստանի իշխանափոխությունը լուրջ հարված կլիներ նրա վարկին, առավել եւս նա չէր կարող թույլ տալ դա ռուսական ընդդիմության՝ առաջիկա օրերին սպասվող ակցիաների նախօրեին:

 

Այսպիսով, նա իր անձնական շահը բարձր դասեց Ռուսաստանի ռազմավարական հեռանկարից, քանի որ Կարեն Կարապետյանի ընտրության դեպքում Ռուսաստանի վարկը Հայաստանում անդառնալի կորուստ կկրի, ռեգիոնալ ծայրագույն հետեւանքներով:

Ապրիլյան պատերազմից հետո սա կլինի վերջին կաթիլը հայ հասարակության համար:
Հայկական շարժումը հաղթեց, այն քաղաքակրթական հզոր հայտ էր: Դա չէր կարող չանհանգստացնել թե Ռուսաստանին, թե բոլոր նրանց, որոնց ձեռնտու չէ Հայաստանի ուժեղացումը:

 

Բայց դա անկասելի է, եւ «ռուսական» իշխանությունը Հայաստանում մի կողմից ընկալվելու է օտար եւ օկուպացիոն, մյուս կողմից ուժեղացնելու է անկախ պետականության ձգտումն ու համոզմունքը Հայաստանում:

Աղբյուր`   newstime.am

Շարունակությունն՝  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular